Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (08.06.2012-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.10.03/48(922).1 Հոդ.1069.34
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
08.06.2012
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
08.06.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.06.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

  

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

ԿԴ1/0043/01/11

Գործ թիվ ԿԴ1/0043/01/11

Նախագահող դատավոր՝ Գ. Ավետիսյան

     Դատավորներ` Ե. Դարբինյան

                   Ս. Չիչոյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Դ. Ավետիսյանի

մասնակցությամբ դատավորներ

Հ. Ասատրյանի

 

Ե. Դանիելյանի

Հ. Ղուկասյանի

 

Ա. Պողոսյանի

   
քարտուղարությամբ

Մ. Պետրոսյանի

    մասնակցությամբ

               պաշտպան

Կ. Մանուչարյանի

 

2012 թվականի հունիսի 8-ին

ք. Երևանում 

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով Դավիթ Բորիսի Բաբայանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2011 թվականի դեկտեմբերի 20-ի որոշման դեմ մեղադրող Մ.Բալդրյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2011 թվականի մայիսի 30-ին ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ծառայության 4-րդ կայազորային բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 90263911 քրեական գործը:

2011 թվականի հունիսի 11-ի որոշմամբ Դավիթ Բաբայանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով:

2011 թվականի հունիսի 29-ին թիվ 90263911 քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան):

2. 2011 թվականի հուլիսի 28-ին ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ծառայության 4-րդ կայազորային բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 90270311 քրեական գործը:

2011 թվականի օգոստոսի 31-ի որոշմամբ Դավիթ Բաբայանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով:

2011 թվականի սեպտեմբերի 13-ին թիվ 90270311 քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Առաջին ատյանի դատարան:

3. Առաջին ատյանի դատարանի 2011 թվականի սեպտեմբերի 19-ի որոշմամբ թիվ 90263911 և թիվ 90270311 քրեական գործերը միացվել են մեկ վարույթում:

Առաջին ատյանի դատարանի 2011 թվականի սեպտեմբերի 27-ի դատավճռով Դավիթ Բաբայանը մեղավոր է ճանաչվել երկու հանցավոր արարքների մեջ` յուրաքանչյուրը նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով: Յուրաքանչյուր դրվագով նրա նկատմամբ պատիժ է նշանակվել կարգապահական գումարտակում պահելու ձևով` 1 (մեկ) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կանոններով` նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով Դ.Բաբայանի նկատմամբ պատիժ է սահմանվել կարգապահական գումարտակում պահելու ձևով` 1 (մեկ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի կանոններով՝ նշանակված պատժին մասնակիորեն գումարվել է նախորդ` Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2010 թվականի օգոստոսի 31-ի դատավճռով նշանակված պատժի չկրած մասից 6 (վեց) ամիս ժամկետով կարգապահական գումարտակում պահելը, և Դ.Բաբայանի նկատմամբ վերջնական պատիժ է սահմանվել կարգապահական գումարտակում պահելու ձևով` 2 (երկու) տարի ժամկետով:

4. Ամբաստանյալ Դ.Բաբայանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2011 թվականի դեկտեմբերի 20-ի որոշմամբ վերաքննիչ բողոքը մերժել է, Առաջին ատյանի դատարանի 2011 թվականի սեպտեմբերի 27-ի դատավճիռը Դ.Բաբայանին մեղսագրված արարքներից առաջին դրվագի մասով բեկանել է, այդ դրվագով Դ.Բաբայանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցրել է և քրեական գործի վարույթը՝ կարճել:

Դ.Բաբայանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքի երկրորդ դրվագով նշանակված պատիժը` կարգապահական գումարտակում պահելու ձևով` 1 (մեկ) տարի ժամկետով, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի կանոններով` դատավճիռների համակցությամբ նշանակված պատժին մասնակիորեն նախորդ դատավճռով նշանակված պատժի չկրած մասից 6 (վեց) ամիս ժամկետով կարգապահական գումարտակում պահելը գումարելու և Դ.Բաբայանի նկատմամբ 1 (մեկ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով կարգապահական գումարտակում պահելու ձևով վերջնական պատիժ սահմանելու մասով Առաջին ատյանի դատարանի 2011 թվականի սեպտեմբերի 27-ի դատավճիռը թողնվել է անփոփոխ:

5. Վերաքննիչ դատարանի 2011 թվականի դեկտեմբերի 20-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել մեղադրող Մ.Բալդրյանը:

Վճռաբեկ դատարանի 2012 թվականի մարտի 28-ի որոշմամբ մեղադրող Մ.Բալդրյանի վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Գործի փաստական հանգամանքները և վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

6. Ամբաստանյալ Դ.Բաբայանին մեղադրանք է առաջադրվել և Առաջին ատյանի դատարանի դատավճռով նա մեղավոր է ճանաչվել հետևյալ արարքների համար. «Դ.Բաբայանը, 2010 թվականի դեկտեմբերի 28-ից հանդիսանալով ժամկետային զինծառայող, մորը տեսակցելու, ինչպես նաև ելնելով ընտանիքի սոցիալական ծանր վիճակից 2011 թվականի մարտի 11-ին, ինչպես նաև 2011 թվականի մարտի 26-ին` ժամը 640 -ին, ինքնակամ թողել է զորամասի տարածքը և գնացել Երևանի 16 թաղամասի թիվ 15 շենքի թիվ 40 բնակարան: Մորը տեսակցելուց հետո, 2011 թվականի մարտի 29-ին` ժամը 1210 -ին, ինքնակամ ներկայացել է ծառայության վայր: 2011 թվականի մայիսի 19-ին ժամը 7-ից մինչև 2011 թվականի մայիսի 21-ը` ժամը 745 -ը, բացի այդ, 2011 թվականի մայիսի 31-ի ժամը 1250 -ից մինչև 2011 թվականի հունիսի 2-ի ժամը 1720 -ը կրկին նույն պատճառաբանությամբ ինքնակամ թողել է զորամասի տարածքը և գնացել տուն: Այսինքն` Դ.Բաբայանը երեք ամսվա ընթացքում երեք և ավելի անգամ մինչև երեք օր տևողությամբ ինքնակամ թողել է զորամասը /1-ին դրվագ/:

Բացի այդ, Դ.Բաբայանը մորը տեսակցելու պատճառաբանությամբ 2011 թվականի հուլիսի 18-ին ինքնակամ թողել է զորամասի տարածքը, իսկ 2011 թվականի օգոստոսի 17-ին ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից հայտնաբերվել է և բերման ենթարկվել: Այսինքն` Դ.Բաբայանը երեք օրից ավելի, բայց մեկ ամսից ոչ ավելի տևողությամբ ինքնակամ թողել է զորամասը /2-րդ դրվագ/» (տե՛ս քրեական գործ, հատոր 1, էջեր 61-62, հատոր 3, էջեր 77-82):

7. Վերաքննիչ դատարանն Առաջին ատյանի դատարանի 2011 թվականի սեպտեմբերի 27-ի դատավճիռը Դ.Բաբայանին մեղսագրված արարքներից առաջին դրվագի մասով բեկանել է հետևյալ պատճառաբանությամբ. « (…) ՀՀ ՊՆ Աբովյանի ՌՈ բաժնի հետաքննիչ Ռ.Վարդանյանի 2011 թվականի ապրիլի 4-ի որոշմամբ, որը նույն օրը հաստատվել է ՀՀ ՊՆ Աբովյանի ՌՈ բաժնի պետի կողմից, Դավիթ Բորիսի Բաբայանի նկատմամբ քրեական գործի հարուցումը մերժվել է հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ` նկատի ունենալով, որ 2011 թվականի մարտի 11-ին ժամը 06:00-15:00, 2011 թվականի մարտի 26-ի ժամը 17:00-ից մինչև 2011 թվականի մարտի 29-ի ժամը 12:10-ը զորամասն ինքնակամ թողնելու դեպքում բացակայում է հանցակազմը:

Հետաքննության մարմնի վերոհիշյալ որոշումը չի վերացվել: Այդ պայմաններում Դ.Բաբայանը որպես մեղադրյալ է ներգրավվել, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով, և նա դատարանի դատավճռով հաստատված համարված մեղսագրված արարքի 1-ին դրվագով դատապարտվել է նաև այն բանի համար, որ հանդիսանալով ժամկետային զինծառայող` 2011թվականի մարտի 11-ին, ինչպես նաև 2011 թվականի մարտի 26-ին` ժամը 06:40-ին, ինքնակամ թողել է զորամասի տարածքը, 2011 թվականի մարտի 29-ին` ժամը 12:10-ին, ինքնակամ ներկայացել ծառայության վայր: Նա ինքնակամ զորամասը թողել է նաև 2011 թվականի մայիսի 19-ի ժամը 07:00-ից մինչև 2011 թվականի մայիսի 21-ը` ժամը 07:45-ը, բացի այդ, 2011 թվականի մայիսի 31-ի ժամը 12:50-ից մինչև 2011 թվականի հունիսի 02-ի ժամը 17:20-ը: Այսինքն` Դ.Բաբայանը դատապարտվել է երեք ամսվա ընթացքում երեք և ավելի անգամ մինչև 3 օր տևողությամբ ինքնակամ զորամասը թողնելու համար:

Փաստորեն, նախաքննական մարմնի, ինչպես նաև Առաջին ատյանի դատարանի կողմից Դ. Բաբայանին մեղսագրվել է արարք այն դեպքում, երբ 2011 թվականի մարտի 11-ին և 2011 թվականի մարտի 26-ի ժամը 06:40-ից մինչև 2011 թվականի մարտի 29-ի ժամը 12:10-ը զորամասն ինքնակամ թողնելու մասով հետաքննության մարմնի որոշմամբ նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է: Այսինքն` Դ.Բաբայանին առաջադրված մեղադրանքի այդ մասով առկա է քրեական հետապնդում չիրականացնելու մասին հետաքննության մարմնի չվերացված որոշում:

(…)

Նման պայմաններում Վերաքննիչ դատարանը գտնում է, որ նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին 2011 թվականի ապրիլի 4-ի չվերացված որոշման առկայության պայմաններում 2011 թվականի մարտի 11-ին և 2011 թվականի մարտի 26-ի ժամը 06:40-ից մինչև 2011 թվականի մարտի 29-ի ժամը 12:10-ը զորամասն ինքնակամ թողնելու մասով Դ.Բաբայանը ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրվել և դատապարտվել չէր կարող:

Վերջինս չէր կարող մեղսագրված արարքի 1-ին դրվագով մեղադրվել և դատապարտվել նաև դատավճռով հաստատված համարված մեղադրանքի մնացած մասով` 2011 թվականի մայիսի 19-ի ժամը 07:00-ից մինչև 2011 թվականի մայիսի 21-ը ժամը 07:45-ը և 2011 թվականի մայիսի 31-ի ժամը 12:50-ից մինչև 2011թվականի հունիսի 02-ի ժամը 17:20-ը զորամասն ինքնակամ թողնելու համար, որովհետև Դ.Բաբայանը երեք ամսվա ընթացքում երեք և ավելի անգամ մինչև 3 օր տևողությամբ ինքնակամ չի թողել զորամասը: Այս դեպքում ևս Դ.Բաբայանի գործողություններում բացակայում է հանցակազմը:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի և նույն հոդվածի 5-րդ մասի դրույթներով ղեկավարվելով` Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Դ.Բաբայանին ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով մեղսագրված արարքի 1-ին դրվագի մասով դատավճիռը ենթակա է բեկանման. Դ.Բաբայանի նկատմամբ քրեական հետապնդումը պետք է դադարեցնել և այդ մասով քրեական գործի վարույթը կարճել հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ» (տե՛ս քրեական գործ, հատոր 3, էջեր 144-145):

8. ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության բաժնի հետաքննիչ Ռ.Վարդանյանի 2011 թվականի ապրիլի 4-ի «Նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին» որոշման համաձայն` «(…)Նախապատրաստված նյութերով պարզվել և հիմնավորվել է, որ շարքային Դ.Բաբայանը զորամասն ինքնակամ թողել է 26.03.11թ. ժամը 16:00-ի սահմաններում: 29.03.11թ. ժամը 12:10-ին ինքնակամ ներկայացել է զորամաս: (…) Համաձայն ՀՀ ՊՆ 55076 զորամասի հրամանատարի կողմից տրված տեղեկանքի՝ շարքային Դավիթ Բորիսի Բաբայանը զինվորական ծառայության ընթացքում ունեցել է զորամասն ինքնակամ թողնելու երկու դեպք՝ 1) 11.03.11թ. ժամը 06:00-15:00, 2) 26.03.11թ. ժամը 17:00-ից մինչև 29.03.11թ. ժամը 12:10: Այսպիսով, նախապատրաստված նյութերով հիմնավորվել է, որ Դ.Բաբայանի արարքում բացակայում են ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշները, ուստի վերոգրյալի հիման վրա (…) որոշեցի Դավիթ Բորիսի Բաբայանի վերաբերյալ նախապատրաստված նյութերով նրա նկատմամբ քրեական գործի հարուցումը մերժել՝ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ (…)» (տե՛ս քրեական գործ, հատոր 1, էջեր 44-46):

9. ՀՀ պաշտպանության նախարարության 55076 զորամասի հրամանատարի կողմից տրված տեղեկանքի համաձայն` «ՀՀ ՊՆ 55076 զորամասի զինծառայող Դավիթ Բորիսի Բաբայանը զորամասում ծառայելիս թույլ է տվել հետևյալ խախտումները՝ ԶԻԹ 11.03.11թ. ժ.06:00-15:00, 26.03-29.03.11թ., 19.05-21.05.11թ., 31.05-02.06.11թ., և 18.07-17.08.11թ, և նշված խախտումների համար կրել է կարգապահական տույժ` «կալանք» 12.03-22.03.11թ., 30.03-09.04.11թ., 21.05-26.05թ., 06.06-11.06.11թ.» (տե՛ս քրեական գործ, հատոր 3, էջ 129):

10. Ամբաստանյալ Դ.Բաբայանն իր վերաքննիչ բողոքում փաստարկել է, որ Առաջին ատյանի դատարանն անտեսել է իր կողմից որպես կարգապահական տույժ կարգապահական մեկուսարանում կրած 30-օրյա ժամկետը (տե՛ս քրեական գործ, հատոր 3, էջ 104):

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի ու հիմնավորումների սահմաններում.

11. Բողոքաբերը փաստարկել է, որ առկա է վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքը, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար:

Ի հիմնավորումն իր վերոշարադրյալ փաստարկի՝ բողոքի հեղինակը նշել է, որ Վերաքննիչ դատարանը Դ.Բաբայանին ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքի 1-ին դրվագով բեկանել է Առաջին ատյանի դատարանի դատավճիռը և Դ.Բաբայանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցրել է՝ գտնելով, որ Առաջին ատյանի դատարանի կողմից խախտվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի պահանջը, այն է` Դ.Բաբայանին առաջադրված մեղադրանքի այդ դրվագով առկա է քրեական հետապնդում չիրականացնելու մասին հետաքննության մարմնի չվերացված որոշում:

Մինչդեռ, ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմի առկայության համար անհրաժեշտ է, որ զինծառայողը բացակայի զորամասից կամ առանց հարգելի պատճառների ծառայության չներկայանա երեք օրից ավելի, բայց մեկ ամսից պակաս ժամկետով, կամ նույն արարքները կատարի երեք ամսվա ընթացքում երեք և ավելի անգամ` մեկից երեք օր տևողությամբ: Սույն գործով 1-ին դրվագով Դ.Բաբայանը երեք ամսվա ընթացքում երեք և ավելի անգամ մինչև երեք օր տևողությամբ ինքնակամ թողել է զորամասը՝ 2011 թվականի մարտի 11-ին՝ ժամը 6-ից 15-ը, 2011 թվականի մարտի 26-ից 2011 թվականի մարտի 29-ը, 2011 թվականի մայիսի 19-ից 2011 թվականի մայիսի 21-ը, 2011 թվականի մայիսի 31-ից 2011 թվականի հունիսի 2-ը: Զորամասն ինքնակամ թողնելու վերոգրյալ երկու դրվագներով հետաքննիչի 2011 թվականի ապրիլի 4-ի որոշմամբ քրեական գործի հարուցումը մերժվել է` հանցակազմի բացակայության պատճառով: ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասի հանցակազմն առաջացել է, երբ Դ.Բաբայանը երրորդ անգամ ինքնակամ թողել է զորամասի տարածքը: Դրանից ելնելով՝ հարուցվել է քրեական գործ, կատարվել է քննություն, և մեղադրական եզրակացությամբ գործն ուղարկվել է դատարան: Քրեական գործ հարուցելիս կամ հետագայում մեղադրանք առաջադրելիս հետաքննիչի կողմից 2011 թվականի ապրիլի 4-ի` քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը վերացնելու անհրաժեշտություն չի եղել, քանի որ այդ ժամանակ Դ.Բաբայանի գործողություններում բացակայել է հանցակազմը և այն առաջացել է այն ժամանակ, երբ նա երեք ամսվա ընթացքում երրորդ անգամ ինքնակամ թողել է զորամասի տարածքը:

Ամփոփելով վերոգրյալը՝ բողոքի հեղինակը նշել է, որ Վերաքննիչ դատարանի կողմից վկայակոչված` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի դրույթները չեն խախտվել, այլ պարզապես Վերաքննիչ դատարանի կողմից ճիշտ չի կիրառվել և մեկնաբանվել քրեադատավարական օրենքը, ինչի արդյունքում անհիմն և չարդարացված կերպով բարելավվել է ամբաստանյալի վիճակը:

12. Վերոգրյալի հիման վրա՝ բողոքի հեղինակը խնդրել է բեկանել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2011 թվականի դեկտեմբերի 20-ի որոշումը` Դ.Բաբայանին ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով մեղսագրված արարքներից առաջին դրվագով, և քրեական գործն ուղարկել համապատասխան ստորադաս դատարան` նոր քննության:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

13. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելու նպատակը օրենքի միատեսակ կիրառության ապահովման սահմանադրական գործառույթի իրացումն է: Այս առումով Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի («Քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե անձի նկատմամբ կա նույն մեղադրանքով քրեական հետապնդում իրականացնելուց հրաժարվելու մասին հետաքննության մարմնի, քննիչի և դատախազի չվերացված որոշում») համատեքստում ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի («Զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը») մեկնաբանման առումով առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր: Ուստի, անհրաժեշտ է համարում սույն գործով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկայի ճիշտ ձևավորման համար:

 

I. Քրեական հետապնդումը բացառող հանգամանքը

 

14. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր է արդյոք Վերաքննիչ դատարանի հետևությունն այն մասին, որ նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին 2011 թվականի ապրիլի 4-ի որոշման չվերացված լինելը Դ.Բաբայանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով մեղսագրված արարքներից առաջին դրվագով իրականացվող քրեական հետապնդումը բացառող հանգամանք է:

15. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ «Քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե` (…) անձի նկատմամբ կա նույն մեղադրանքով քրեական հետապնդում իրականացնելուց հրաժարվելու մասին հետաքննության մարմնի, քննիչի և դատախազի չվերացված որոշում (…)»:

Նշված դրույթը սահմանում է քրեական հետապնդում իրականացնելու հնարավորությունը բացառող հիմքերից մեկը: Դրա բովանդակությունից հետևում է, որ անձի նկատմամբ որոշակի մեղադրանքով քրեական հետապնդում իրականացնելուց հրաժարվելու մասին որոշման առկայությունը բացառում է նույն անձի նկատմամբ նույն մեղադրանքով քրեական գործ հարուցելու կամ քրեական հետապնդում իրականացնելու հնարավորությունը: Այլ խոսքով` քանի դեռ քրեական հետապնդում իրականացնելուց հրաժարվելու մասին որոշումը վերացված չէ, նույն անձը նույն մեղադրանքով քրեական պատասխանատվության ենթարկվել չի կարող: Քրեական հետապնդումը բացառող այս հանգամանքի հիմքում օրենսդիրը նախատեսել է երկու պարտադիր պայման`

ա) քրեական հետապնդում իրականացնելուց հրաժարվելու մասին որոշումը պետք է վերաբերի նույն անձին,

բ) այդ որոշումը պետք է կայացված լինի նույն մեղադրանքի սահմաններում:

16. «Մեղադրանք» եզրույթի բովանդակային մեկնաբանությանը Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Ա.Պապյանի և Ա.Ստեփանյանի գործերով կայացված որոշումներում: Ա.Պապյանի գործով որոշման մեջ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ «(…) «մեղադրանքի ձևակերպում» եզրույթ[ի] կառուցվածքն իրենից ներկայացնում է.

ա) գործով հաստատված, հանրության համար վտանգավոր և հակաիրավական փաստերը, որոնք համապատասխանում են կոնկրետ հանցակազմի հատկանիշներին,

բ) քրեական օրենքի կոնկրետ նորմը, որի հատկանիշներին համապատասխանում են մեղադրյալի գործողությունները կամ անգործությունը կազմող փաստերը:

Վերոնշյալ դատողության հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մեղադրանքի ձևակերպումը պետք է արտացոլի մեղսագրվող գործողությունների կամ անգործության բովանդակությունը, հետևաբար պետք է ներառի հանցակազմի բոլոր պարտադիր հատկանիշները բնութագրող փաստական տվյալները: Փաստական տվյալների ներառումն անհրաժեշտ նախապայման է, որպեսզի մեղադրանքի մեջ նշվի այն քրեական օրենքը, որով նախատեսված են հանրության համար վտանգավոր, հակաիրավական և քրեորեն պատժելի արարքի հատկանիշները, այսինքն` հանգեցնի մեղադրանքում ձևակերպված արարքին համապատասխան իրավաբանական գնահատական տալուն» (տե՛ս Արկադի Պատվականի Պապյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի 2010 թվականի նոյեմբերի 5-ի թիվ ՏԴ/0115/01/09 որոշման 18-19-րդ կետերը):

Ա.Ստեփանյանի գործով որոշման մեջ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ «Քրեական օրենքով նախատեսված՝ անձին մեղսագրվող արարքը պետք է արտացոլվի անձին առաջադրված մեղադրանքի ձևակերպման մեջ: Վերջինս պետք է ներառի հանցակազմի բոլոր պարտադիր հատկանիշները բնութագրող փաստական տվյալները, ինչպես նաև դրանում պետք է նշվի քրեական այն օրենքը, որով նախատեսված են հանրության համար վտանգավոր, հակաիրավական և քրեորեն պատժելի արարքի հատկանիշները» (տե՛ս Ալվարդ Չուբարի Ստեփանյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի 2011 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ ԼԴ/0327/01/10 որոշման 16-րդ կետը):

17. Վերահաստատելով Ա.Պապյանի և Ա.Ստեփանյանի գործերով կայացված որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը ևս մեկ անգամ ընդգծում է, որ մեղադրանքի ձևակերպման մեջ պետք է ամբողջապես արտացոլվի անձին մեղսագրվող արարքը, որը պետք է ներառի հանցակազմի բոլոր հատկանիշները բնութագրող փաստական տվյալները, ինչպես նաև քրեական այն օրենքը, որին համապատասխանում է նկարագրված` հանրության համար վտանգավոր, հակաիրավական և քրեորեն պատժելի արարքը: Արարքի ճիշտ որակման համար հատկապես կարևոր է հանցակազմի օբյեկտիվ կողմը բնութագրող փաստերի հստակ և լիարժեք շարադրանքը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ մեղադրանքի` գործով հաստատված, հանրության համար վտանգավոր և հակաիրավական արարքի հիմքում ընկած փաստերի ամբողջական, հստակ և ճիշտ ձևակերպումը նաև երաշխիք է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով նախատեսված` քրեական հետապնդումը բացառող հիմքի առկայությունը հաստատելու կամ ժխտելու, ինչպես նաև անձի` նույն արարքի համար քրեական պատասխանատվության չենթարկվելու համար այն դեպքերում, երբ այդ նույն արարքի համար նրա նկատմամբ առկա է քրեական հետապնդում իրականացնելուց հրաժարվելու մասին չվերացված որոշում:

18. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Դ.Բաբայանի կողմից 2011 թվականի մարտի 11-ին՝ ժամը 6-ից 15-ը, ինչպես նաև 2011 թվականի մարտի 26-ից 29-ը զորամասն ինքնակամ թողնելու դեպքերի համար նախապատրաստված նյութերով ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության Աբովյանի բաժնի հետաքննիչ Ռ.Վարդանյանի 2011 թվականի ապրիլի 4-ի որոշմամբ քրեական գործի հարուցումը մերժվել է` Դ.Բաբայանի արարքում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:

Թիվ 90263911 քրեական գործի շրջանակներում Դ.Բաբայանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա չորս դեպքով, այն է` 2011 թվականի մարտի 11-ին՝ ժամը 6-ից 15-ը, 2011 թվականի մարտի 26-ից 29-ը, 2011 թվականի մայիսի 19-ից 21-ը և 2011 թվականի մայիսի 31-ից հունիսի 2-ն ինքնակամ թողել է զորամասի տարածքը (առաջին դրվագ): Թիվ 90270311 քրեական գործի շրջանակներում Դ.Բաբայանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2011 թվականի հուլիսի 18-ին ինքնակամ թողել է զորամասի տարածքը, իսկ 2011 թվականի օգոստոսի 17-ին ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից հայտնաբերվել և բերման է ենթարկվել (երկրորդ դրվագ):

Վերը նշված երկու դրվագներից յուրաքանչյուրով Առաջին ատյանի դատարանը Դ.Բաբայանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտել ազատազրկման (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը):

Վերաքննիչ դատարանը Դ.Բաբայանին ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով մեղսագրված արարքներից առաջին դրվագով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը բեկանել է, Դ.Բաբայանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցրել և այդ մասով քրեական գործի վարույթը կարճել: Վերաքննիչ դատարանը, հղում կատարելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետին, գտել է, որ նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին 2011 թվականի ապրիլի 4-ի չվերացված որոշման առկայության պայմաններում 2011 թվականի մարտի 11-ին և 2011 թվականի մարտի 26-ից 29-ը զորամասն ինքնակամ թողնելու դեպքերով Դ.Բաբայանը ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրվել և դատապարտվել չէր կարող (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը):

Մեջբերված փաստական տվյալների վերլուծությունից երևում է, որ հետաքննիչի 2011 թվականի ապրիլի 4-ի որոշման հիմքում, որով Դ.Բաբայանի նկատմամբ փաստորեն քրեական հետապնդում չի իրականացվել, ընկած է Դ.Բաբայանի կողմից զորամասն ինքնակամ թողնելու երկու դեպք` 2011 թվականի մարտի 11-ին և 2011 թվականի մարտի 26-ից 29-ը: Իսկ սույն քրեական գործով Դ.Բաբայանին առաջին դրվագով առաջադրված մեղադրանքի հիմքում ընկած է զորամասն ինքնակամ թողնելու չորս դեպք` 2011 թվականի մարտի 11-ին, 2011 թվականի մարտի 26-ից 29-ը, 2011 թվականի մայիսի 19-ից 21-ը, 2011 թվականի մայիսի 31-ի հունիսի 2-ը:

19. Սույն որոշման 15-17-րդ կետերում շարադրված իրավական վերլուծության լույսի ներքո գնահատելով սույն որոշման 18-րդ կետում շարադրված փաստական տվյալները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քրեական հետապնդում իրականացնելուց հրաժարվելու մասին հետաքննիչի որոշումը և սույն քրեական գործով Դ.Բաբայանին առաջադրված մեղադրանքը չնայած վերաբերում են նույն անձին, սակայն այդ փաստաթղթերում շարադրված և արարքների օբյեկտիվ կողմը բնութագրող փաստական հանգամանքները նույնը չեն: Հետևաբար, Դ.Բաբայանին սույն քրեական գործով առաջադրված մեղադրանքի հետ նույնական մեղադրանքով քրեական հետապնդում իրականացնելուց հրաժարվելու մասին որոշում առկա չէ: Այլ կերպ` բացակայում է նույն անձի նկատմամբ նույն մեղադրանքով քրեական հետապնդում իրականացնելուց հրաժարվելու մասին որոշում, որը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի իմաստով պարտադիր պայման է քրեական հետապնդումը բացառող հանգամանքի առկայությունն արձանագրելու համար:

20. Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հիմնավոր չէ Վերաքննիչ դատարանի հետևությունն այն մասին, որ նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին 2011 թվականի ապրիլի 4-ի որոշման չվերացված լինելը Դ.Բաբայանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով մեղսագրված արարքներից առաջին դրվագով իրականացվող քրեական հետապնդումը բացառող հանգամանք է:

 

II. Կրկին անգամ դատվելու անթույլատրելիության սկզբունքի կիրառումը սույն գործի փաստական հանգամանքների նկատմամբ

 

21. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված հաջորդ իրավական հարցը հետևյալն է. զորամասն ինքնակամ թողնելու համար Դ.Բաբայանի նկատմամբ կալանքը որպես կարգապահական տույժ կիրառված լինելու պայմաններում նույն արարքի համար նրան քրեական պատասխանատվության ենթարկելիս չի՞ խախտվել արդյոք կրկին անգամ դատվելու անթույլատրելիության սկզբունքը:

22. ՀՀ Սահմանադրության 22-րդ հոդվածի համաձայն՝ «(...) Ոչ ոք չի կարող կրկին անգամ դատվել նույն արարքի համար»:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ նաև Կոնվենցիա) 7-րդ արձանագրության 4-րդ հոդվածի համաձայն՝ «Ոչ ոք չպետք է միևնույն պետության իրավազորության շրջանակներում երկրորդ անգամ դատվի կամ քրեական դատավարության կարգով պատժվի այն հանցագործության կապակցությամբ, որի համար նա արդեն վերջնականապես արդարացվել է կամ դատապարտվել այդ պետության օրենքին և քրեական դատավարությանը համապատասխան»:

«Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի 14-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն` «Ոչ ոք չպետք է կրկին անգամ դատվի կամ պատժվի այն հանցագործության համար, որի համար նա արդեն վերջնականապես դատապարտվել է կամ արդարացվել յուրաքանչյուր երկրի օրենքին և քրեական դատավարության իրավունքին համապատասխան»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի համաձայն՝ «Ոչ ոք չի կարող կրկին անգամ դատվել նույն արարքի համար (...)»:

ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ հոդվածի համաձայն՝ «(...) Արգելվում է անձին երկրորդ անգամ դատապարտել նույն հանցագործության համար»:

Վերոգրյալ իրավանորմերի բովանդակային վերլուծությունից հետևում է, որ նույն արարքի համար կրկին անգամ դատվելու անթույլատրելիության (ոօո bis iո idem) սկզբունքը հիմնարար տեղ է զբաղեցնում ՀՀ Սահմանադրությամբ և միջազգային պայմանագրերով երաշխավորված պաշտպանության համակարգում, որի հիմքում ընկած է մեղքը քաված լինելու կանխավարկածը, և այն իրենից ներկայացնում է նույն արարքի համար նույն անձին կրկին քրեական հետապնդման չենթարկելու, չդատապարտելու, չպատժելու երաշխիք: Ընդ որում՝ «նույն արարքի համար» ձևակերպումը նշանակում է, որ կրկնակի դատապարտման անթույլատրելիության առարկան պետք է ընկալվի ոչ թե հանցանքի իրավական որակման, այլ փաստական նկարագրության իմաստով:

23. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ «նույն արարքի համար» ձևակերպումը ճիշտ կիրառելու համար անհրաժեշտ է անդրադառնալ նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքում տեղ գտած «քրեական մեղադրանք» եզրույթի մեկնաբանմանը՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով:

Այսպես` Էնգելը և այլոք ընդդեմ Նիդեռլանդների գործով Եվրոպական դատարանը դիրքորոշում է հայտնել, որ (...) Կոնվենցիան, անկասկած թույլ է տալիս պետություններին հասարակական շահերի պաշտպանի գործառույթն իրականացնելիս սահման անցկացնել քրեական և կարգապահական վարույթների միջև, ինչպես նաև դրանց սահմանազատում իրականացնել, սակայն հաշվի առնելով որոշակի պայմաններ: Կոնվենցիան պետություններին ազատություն է տրամադրում որպես հանցագործություն բնորոշել իրավունքներից մեկի բնականոն իրականացումից շեղվող որևէ գործողություն կամ անգործություն: Խոսքն այն իրավունքների մասին է, որոնք պաշտպանվում են Կոնվենցիայով: (...) Եթե պայմանավորվող պետությունները կարողանային իրենց հայեցողությամբ իրավախախտումը որակել որպես կարգապահական՝ քրեականի փոխարեն, կամ «խառը» իրավախախտում կատարողին հետապնդել կարգապահական, այլ ոչ թե քրեական մակարդակով, ապա 6-րդ և 7-րդ հոդվածների հիմնական դրույթների գործողությունը կենթարկվեր նրանց ինքնիշխան կամքին: Իրավասության այդպիսի ընդլայնումը կարող է հանգեցնել Կոնվենցիայի նպատակների և խնդիրների հետ անհամատեղելի արդյունքների: Այդ պատճառով Դատարանը 6-րդ հոդվածին համապատասխան (...) իրավունք ունի հավաստիանալու, որ կարգապահական վարույթը ոչ մի կերպ չի փոխարինում քրեական վարույթին (տե՛ս Engel and others v. The Netherlands գործով 1976 թվականի հունիսի 8-ի վճիռը, գանգատ թիվ 5100/71, 5101/71, 5102/71, 5354/72, 5370/72, կետ 81):

Գալստյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանը դիրքորոշում է հայտնել այն մասին, որ «Դատարանը գտնում է, որ որպեսզի պարզվի, թե արդյոք իրավախախտումը Կոնվենցիայի իմաստով որակվում է որպես «քրեական», առաջին հերթին անհրաժեշտ է որոշակիացնել, թե իրավախախտումը սահմանող դրույթը Պատասխանող պետության իրավական համակարգում գտնվում է քրեական իրավունքում, հաջորդը՝ պետք է հաշվի առնվի «իրավախախտման բնույթը» և հնարավոր պատժի ծանրությունը (…): Բոլոր դեպքերում, ներպետական իրավական համակարգում տրված բնորոշումը 6-րդ հոդվածի իմաստով որոշիչ չէ և խնդրո առարկա իրավախախտման բնույթն առավել կարևոր գործոն է (...): Դատարանը նշում է, որ (...) դիմումատուի նկատմամբ կիրառված սանկցիայի նպատակը եղել է զուտ պատժիչ և կանխարգելիչ: Ի վերջո, ինչ վերաբերում է պատժի խստությանը, Դատարանը գտնում է, որ ազատությունից զրկման կիրառումը որպես պատիժ ընդհանուր առմամբ պատկանում է քրեական ոլորտին, եթե այն իր բնույթով, տևողությամբ կամ իրականացման եղանակով էականորեն վնասակար չէ (...): Սույն գործով դիմումատուն ազատությունից զրկվել է երեք օր ժամանակով և այս ընթացքում պահվել է փակի տակ: Ընդ որում, առավելագույն պատիժը, որը կարող էր սահմանվել, հանդիսանում էր 15-օրյա կալանքը: Այս դիտարկումները բավարար են հաստատված համարելու, որ այն արարքը, որի կատարման համար դիմումատուն մեղադրվում էր, Կոնվենցիայի իմաստով կարելի է դասակարգել որպես քրեական (...)» (տե՛ս Galstyam v. Armenia գործով 2007 թվականի նոյեմբերի 15-ի վճիռը, գանգատ թիվ 26986/03, կետեր 56-60):

24. Այսպիսով, Եվրոպական դատարանի վերոգրյալ դիրքորոշումներից հետևում է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի իմաստով իրավախախտումը որպես «քրեական» որակելու չափորոշիչներն են` ա) իրավախախտման դասակարգումն ըստ ազգային օրենսդրության, բ) իրավախախտման բնույթը, գ) նշանակված կամ հնարավոր պատժի խստության աստիճանը: Ընդ որում, իրավախախտումը «քրեական» որակելու համար բավարար է այդ չափորոշիչներից միայն մեկի, այլ ոչ թե բոլորի պարտադիր առկայությունը:

25. Անդրադառնալով ոօո bis iո idem սկզբունքին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դրա կիրառման վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը դիրքորոշում է հայտնել Սերգեյ Զոլոտուխինն ընդդեմ Ռուսաստանի գործով կայացված վճռում, որի համաձայն՝ նախադեպային իրավունքի հիմքը, որը ձևավորվել է դատարանի կողմից 7-րդ արձանագրության 4-րդ հոդվածի բողոքարկման արդյունքում, փաստում է, որ առկա է մի քանի մոտեցում այն հարցի հետ կապված, թե նույնն են արդյոք այն արարքները, որոնց մեջ դիմողը մեղադրվում է: Առաջին մոտեցումը, որը հիմնվում է դիմողի «նույն վարքագծի վրա» անկախ այն բանից, թե այդ վարքագիծն ինչպես է որակվում օրենքով (idem factum), ներկայացված է Gradinger-ի գործով կայացված վճռում (…), որի համաձայն՝ թեև երկու հանցագործությունների տարբերակումը, բնույթն ու նպատակները տարբեր են եղել, տեղի է ունեցել 7-րդ արձանագրության 4-րդ հոդվածի խախտում, քանի որ երկու որոշումներն էլ հիմնված են եղել դիմողի նույն վարքագծի վրա: (…) Երկրորդ մոտեցումը ևս բխում է այն ենթադրությունից, որ մեղադրյալի վարքագիծը, որի վրա հիմնված է մեղադրանքը, նույնն է, սակայն նշվում է, որ նույն վարքագիծը կարող է հասցնել մի քանի հանցագործության, որոնք կարող են քննվել տարբեր վարույթներում: (…) Դատարանի կարծիքով, թեև արդարադատության պատշաճ իրականացման սկզբունքին ավելի համահունչ կլիներ այն, որ երկու հանցագործությունների վերաբերյալ գործերը քննվեին նույն դատարանում՝ մեկ վարույթով, սակայն այն փաստը, որ քննվող գործով երկու վարույթ է իրականացվել, էական չի հանդիսանում: (…) Երրորդ մոտեցումը շեշտադրում է երկու հանցագործությունների «էական տարրերը»: (…) Դատարանը գտնում է, որ տարբեր մոտեցումների առկայությունը, կապված այն խնդրի հետ, թե դիմողին մեղսագրվող արարքն իսկապես համընկնում է այն արարքի հետ, որի համար նա արդեն դատապարտվել կամ արդարացվել է, առաջացնում է իրավական անորոշություն, որը համատեղելի չէ այնպիսի հիմնարար իրավունքի հետ, ինչպիսին է նույն հանցագործության համար երկու անգամ չմեղադրվելը (…):

(…) Դատարանը կարծում է, որ 7-րդ արձանագրության 4-րդ հոդվածը պետք է ընկալվի այնպես, որ արգելվի երկրորդ «հանցագործության» մեջ մեղադրելը կամ դատապարտելը, քանի որ այն բխում է նույն փաստերից կամ այնպիսի փաստերից, որոնք ըստ էության նման են:

7-րդ արձանգրության 4-րդ հոդվածում ամրագրված երաշխիքները ենթակա են կիրառման նոր մեղադրանք հարուցելու ժամանակ, երբ սկզբնական արդարացումը կամ դատապարտումն արդեն ձեռք է բերել res judicata ուժը: Այս հատման կետում առկա նյութը, անկասկած, ներառում է այն որոշումը, որով առաջին «պատժիչ վարույթը» եզրափակվել է և այն մեղադրանքները, որոնք ներկայացվել են դիմողին նոր վարույթով: Որպես կանոն, այս փաստաթղթերում պետք է երկուստեք առկա լինեն այն հանցագործության փաստական հանգամանքները, որի համար դիմողն արդեն դատապարտվել է, և այն հանցագործության, որի համար նրան մեղադրանք է առաջադրվել: Դատարանի կարծիքով, նման փաստական հանգամանքները որպես ելակետ բավարար են պարզաբանելու համար այն հարցը, թե արդյոք երկու վարույթների փաստերը եղել են նման, թե ըստ էության նույնական: Դատարանը շեշտադրում է, որ կարևոր չէ, թե նոր մեղադրանքների որ հատվածներն են, ի վերջո, հետագա վարույթներով բավարարվել կամ մերժվել, քանի որ 7-րդ արձանագրության 4-րդ հոդվածն ամրագրում է երաշխիքներ՝ ուղղված նոր վարույթով մեղադրվելու կամ պատասխանատվության ենթարկվելու դեմ և ոչ թե երկրորդ անգամ դատապարտվելու կամ արդարացվելու արգելքի դեմ (…):

Դատարանը կրկնում է, որ 7-րդ արձանագրության 4-րդ հոդվածը չի սահմանափակում երկու անգամ չմեղադրվելու և դատարանի առաջ չկանգնելու իրավունքը (…): 7-րդ արձանագրության 4-րդ հոդվածը կիրառվում է անգամ այն դեպքերում, երբ անձը մեղադրվել է, սակայն չի դատապարտվել: Դատարանը կրկնում է, որ 7-րդ արձանագրության 4-րդ հոդվածը սահմանում է երեք տարբեր երաշխիքներ և նշում, որ որևէ մեկը չպետք է լինի ա) մեղադրման ենթակա, բ) մեղադրված կամ գ) դատապարտված նույն հանցագործության համար (տե՛ս Sergey Zօlօtսkհiո v. Rսssia գործով 2009 թվականի փետրվարի 9-ի վճիռը, գանգատ թիվ 14939/03, կետեր 107-122):

26. Դ.Բաբայանի կողմից իրավախախտում կատարելու ժամանակ գործող` «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կայազորային և պահակային ծառայությունների կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքի թիվ 14 հավելվածի 1-ին կետի համաձայն` «Կայազորային կարգապահական մեկուսարանը նախատեսված է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնադրության հիման վրա կարգապահական տույժի կարգով մեկուսացված, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի հիման վրա ձերբակալված կամ կալանավորված, դատարանի կողմից դատապարտված զինծառայողներին պահելու համար»:

Նույն հավելվածի 16-րդ կետի համաձայն` «Կայազորային կարգապահական մեկուսարանում զինծառայողները պահվում են` կարգապահական տույժի կարգով մեկուսացված պարտադիր ժամկետային զինծառայության շարքային կազմի զինծառայողները` միասին, ընդհանուր խցում (…)»:

Նշված հավելվածի 21-րդ կետի համաձայն` «Մեկուսարանում պահվողների իրավունքները, պարտականությունները, նրանց տեղափոխման առանձնահատկությունները, ինչպես նաև խրախուսանքի, տույժի միջոցները և դրանց կիրառումն իրականացվում են «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով»:

«Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնադրությունը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 1996 թվականի օգոստոսի 12-ի թիվ N 247 որոշման 54-րդ կետի համաձայն` «Զինվորներին կարող են տրվել հետևյալ տույժերը`

(…)

ե) ժամկետային ծառայության զինվորների մեկուսացում և պահում կարգապահական մեկուսարանում` մինչև տասն օր, իսկ պայմանագրով զինվորական ծառայության ընդունված զինվորներին` մինչև յոթ օր.

Վերլուծելով վերոգրյալ դրույթները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ զինված ուժերի կարգապահական նախկին կանոնադրության հիման վրա կարգապահական տույժի կարգով զինծառայողները կարող էին համապատասխանաբար մինչև 10 կամ 7 օր ժամկետով մեկուսացվել և պահվել խցերում` կայազորային կարգապահական մեկուսարանում: Ընդ որում, նույն մեկուսարանում են պահվել նաև քրեական վարույթի շրջանակներում ձերբակալված կամ կալանավորված, ինչպես նաև դատապարտված զինծառայողները: Կարգապահական տույժի կարգով մեկուսացված զինծառայողների համար սահմանված են եղել նույնպիսի իրավունքներ և պարտականություններ, ինչպիսիք ունեցել են ձերբակալվածները, կալանավորվածները կամ դատապարտվածները: Այլ խոսքով՝ կարգապահական պատասխանատվության ենթարկված անձանց ազատությունը սահմանափակվել է և նրանք պահվել են մեկուսացման նույն պայմաններում, ինչ որ ձերբակալված, կալանավորված և դատապարտված անձինք:

27. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Դ.Բաբայանին ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով մեղսագրված երկու հանցավոր արարքներից առաջին դրվագով մեղադրանք է առաջադրվել, և Առաջին ատյանի դատարանի կողմից նա մեղավոր է ճանաչվել այն բանի համար, որ չորս դեպքով` 2011 թվականի մարտի 11-ին, 2011 թվականի մարտի 26-ից 29-ը, 2011 թվականի մայիսի 19-ից 21-ը և 2011 թվականի մայիսի 31-ից հունիսի 2-ն ինքնակամ թողել է զորամասի տարածքը:

Գործի նյութերից երևում է նաև, որ Դ.Բաբայանը զորամասի տարածքն ինքնակամ թողնելու վերը թվարկված բոլոր չորս դեպքերի համար ենթարկվել է կարգապահական տույժի` կալանքի ձևով, համապատասխանաբար 2011 թվականի մարտի 12-ից 22-ը (10 օր), 2011 թվականի մարտի 30-ից ապրիլի 9-ը (10 օր), 2011 թվականի մայիսի 21-ից 26-ը (5 օր) և 2011 թվականի հունիսի 6-ից 11-ը (5 օր) (տե՛ս սույն որոշման 9-րդ կետը):

Մեջբերված փաստական տվյալների վերլուծությունից երևում է, որ Դ.Բաբայանը յուրաքանչյուր իրավախախտման համար ենթարկվել է ազատությունից զրկելու հետ կապված պատժի՝ պահվելով կարգապահական մեկուսարանում՝ 5 կամ 10 օր տևողությամբ:

28. Մարդու իրավունքների եվրոպական դատարանի սահմանած չափորոշիչները (տե՛ս սույն որոշման 23-րդ կետը) կիրառելով սույն որոշման նախորդ կետում մեջբերված փաստերի նկատմամբ՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ թեև Դ.Բաբայանին մեղսագրված իրավախախտումները նախատեսվել են որպես կարգապահական զանցանք, սակայն դրանք իրենց բնույթով եղել են վտանգավոր, հանդիսացել են հատուկ կարգավիճակ ունեցող անձանց որոշակի խմբի՝ զորակոչի կամ պայմանագրային հիմունքով զինվորական ծառայություն անցնող զինծառայողների համար սահմանված պարտադիր կանոնների խախտում, իսկ ներգործության միջոցի նպատակը եղել է պատժիչ:

29. Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ չնայած Դ.Բաբայանին յուրաքանչյուր դեպքում համապատասխանաբար 10 կամ 5 օր կարգապահական մեկուսարանում պահելը կիրառվել է որպես կարգապահական տույժ, սակայն նրա կողմից կատարված իրավախախտման բնույթը, ինչպես նաև նշանակված ներգործության միջոցի բնույթն ու խստությունը թույլ են տալիս եզրահանգելու, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի իմաստով այն հավասարազոր է այդ արարքների համար նրան «քրեական մեղադրանքի» համար դատապարտելուն:

30. Ընդհանրացնելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Դ.Բաբայանը, փաստորեն, նույն արարքի՝ զորամասն ինքնակամ թողնելու համար ենթարկվել է նախ՝ կարգապահական պատասխանատվության, ապա նույն արարքի համար նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով, որով էլ Առաջին ատյանի դատարանի 2011 թվականի սեպտեմբերի 27-ի դատավճռով նա մեղավոր է ճանաչվել, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել կարգապահական գումարտակում պահելը` մեկ տարի ժամկետով: Դ.Բաբայանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով իրականացված քրեական հետապնդումը վերաբերել է այն նույն արարքին՝ նույն փաստական հանգամանքներով, որի համար նա ենթարկվել է կարգապահական պատասխանատվության, որն իր բնույթով և նշանակված պատժի խստությամբ հավասարազոր է քրեական մեղադրանքի համար քրեական պատասխանատվության ենթարկվելուն:

31. Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով տեղի է ունեցել Կոնվենցիայի 7-րդ արձանագրության 4-րդ հոդվածի խախտում՝ Դ.Բաբայանը նույն արարքի համար կրկին դատվել է: Այլ խոսքով` զորամասն ինքնակամ թողնելու համար Դ.Բաբայանի նկատմամբ կալանքը որպես կարգապահական տույժ կիրառված լինելու պայմաններում նույն արարքի համար նրան քրեական պատասխանատվության ենթարկելիս խախտվել է կրկին անգամ դատվելու անթույլատրելիության սկզբունքը:

32. Հիմք ընդունելով սույն որոշման 22-31-րդ կետերում շարադրված վերլուծությունը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, Դ.Բաբայանին ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով մեղսագրված երկու հանցավոր արարքներից առաջին դրվագով քրեական հետապնդումը դադարեցնելով և այդ մասով գործի վարույթը կարճելով, կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ, սակայն սխալ է պատճառաբանել իր դատական ակտը:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` «(...) Այն դեպքում, երբ վճռաբեկ դատարանը մերժում է վճռաբեկ բողոքը, սակայն դատարանի կայացրած գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտը թերի կամ սխալ է պատճառաբանված, ապա վճռաբեկ դատարանը պատճառաբանում է անփոփոխ թողնված դատական ակտը»:

Միևնույն ժամանակ, հիմք ընդունելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 420-րդ հոդվածի 2-րդ մասը, որի համաձայն՝ «Արդարացման դատավճիռը, գործը կարճելու մասին կամ մեղադրյալի օգտին կայացրած այլ որոշումը չի կարող բեկանվել քրեադատավարական օրենքի էական խախտման շարժառիթով, եթե արդարացվածի անմեղությունը կասկած չի հարուցում», Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի դատական ակտը պետք է թողնել օրինական ուժի մեջ` հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

Ուստի, ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել: Ամբաստանյալ Դավիթ Բորիսի Բաբայանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2011 թվականի դեկտեմբերի 20-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Դ. Ավետիսյան

Դատավորներ`

Հ. Ասատրյան

 

Ե. Դանիելյան

Հ. Ղուկասյան

Ա. Պողոսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան