ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վարչական վերաքննիչ |
Վարչական գործ թիվ ՎԴ/0702/05/11 |
Վարչական գործ թիվ ՎԴ/0702/05/11 |
|
Նախագահող դատավոր՝ Ա. Աբովյան | |
Դատավորներ` Ա. Առաքելյան |
|
Գ. Ղարիբյան |
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ե. Սողոմոնյանի | |
Ս. Անտոնյանի | ||
Վ. Ավանեսյանի | ||
Մ. Դրմեյանի | ||
Գ. Հակոբյանի | ||
Տ. Պետրոսյանի |
2012 թվականի հունիսի 29-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Երևանի քաղաքապետի (այսուհետ՝ Քաղաքապետ) վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 07.02.2012 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Միսակ Այանյանի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի (այսուհետ՝ Քաղաքապետարան)՝ Քաղաքապետի 16.02.2011 թվականի թիվ Վ-6/2 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Միսակ Այանյանը պահանջել է անվավեր ճանաչել Քաղաքապետի 16.02.2011 թվականի թիվ Վ-6/2 որոշումը։
ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Ռ. Սարգսյան) (այսուհետ` Դատարան) 31.08.2011 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 07.02.2012 թվականի որոշմամբ Քաղաքապետի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 31.08.2011 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ։
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Քաղաքապետը։
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը չի կիրառել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր, խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ, 23-րդ, 24-րդ հոդվածները։
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի հետազոտել և գնահատել գործով ձեռք բերված ապացույցները, ինչպես նաև վերաքննիչ բողոքին կից ներկայացված լուսանկարները, ինչի արդյունքում անտեսել է այն հանգամանքը, որ Քաղաքապետի 12.01.2011 թվականի թիվ Վ-1/5 որոշմամբ վարչական պատասխանատվության՝ տուգանքի ենթարկվելուց հետո, որն ի դեպ Միսակ Այանյանը չի վիճարկել և վճարել է տուգանքի գումարը, առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի շարունակել է իրականացնել շինարարական աշխատանքները:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 07.02.2012 թվականի որոշումը և այն փոփոխել՝ հայցը մերժել:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) 01.12.2010 թվականի թիվ 002540 արձանագրության համաձայն՝ Միսակ Այանյանը 28.11.2010 թվականից 01.12.2010 թվականն ընկած ժամանակահատվածում Երևանի Արաբկիր 43-րդ փողոցի թիվ 4 հասցեում առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի կառուցել է 6 մետր երկարությամբ քարե պատ՝ ավտոտնակ կառուցելու նպատակով (գ.թ. 12-13)։
2) Քաղաքապետի 12.01.2011 թվականի վարչական իրավախախտման գործի վերաբերյալ թիվ Վ-1/5 որոշմամբ Միսակ Այանյանի նկատմամբ նշանակվել է 200.000 ՀՀ դրամ վարչական տուգանք (գ.թ. 16)։
3) 31.01.2011 թվականի թիվ 002987 արձանագրության համաձայն՝ Միսակ Այանյանի նկատմամբ 01.12.2010 թվականին կազմված թիվ 002540 արձանագրության հիման վրա Քաղաքապետի 12.01.2011 թվականի վարչական իրավախախտման գործի վերաբերյալ թիվ Վ-1/5 որոշմամբ նշանակված տուգանքից հետո Երևանի Արաբկիր 43-րդ փողոցի թիվ 4 հասցեում առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի շարունակվել են շինարարական աշխատանքները: Կառուցվել է 3,5x6,5 չափերի քարե ավտոտնակ, և տեղադրվել է դարպաս (գ.թ. 14-15)։
4) Քաղաքապետի 16.02.2011 թվականի վարչական իրավախախտման գործի վերաբերյալ թիվ Վ-6/2 որոշմամբ Միսակ Այանյանի նկատմամբ նշանակվել է 2.500.000 ՀՀ դրամ վարչական տուգանք (գ.թ. 17)։
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի համաձայն` դատարանը ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 23-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վերաբերելի է այն ապացույցը, որն ավելի կամ պակաս հավանական է դարձնում վեճը լուծելու համար էական նշանակություն ունեցող որևէ փաստի գոյությունը, քան այն կլիներ առանց այդ ապացույցի: Ոչ վերաբերելի ապացույցն անթույլատրելի է: Վերաբերելի ապացույցը թույլատրելի է, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի համաձայն` դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ։ Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատարանը վճռի մեջ պետք է պատճառաբանի նման համոզմունքի ձևավորումը։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 113-րդ հոդվածի համաձայն` վարչական դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելիս գնահատում է ապացույցները, որոշում է, թե գործի համար նշանակություն ունեցող որ հանգամանքներն են պարզվել, և որոնք չեն պարզվել, որոշում է տվյալ գործով կիրառման ենթակա օրենքները և այլ իրավական ակտերը, որոշում է հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ այն մերժելու հարցը։
Վերը նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ դատարանը գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը պարզում է ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով։ Ընդ որում, գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի հաստատված լինելու հարցը դատարանը պարզում է գործում եղած բոլոր վերաբերելի և թույլատրելի ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 117.12-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վերաքննիչ դատարանն ընդունում է սույն օրենսգրքով կամ վարչական դատարանի սահմանած ժամկետում դատավարության մասնակցի կողմից վարչական դատարան չներկայացված ապացույցները, բացառությամբ այն դեպքի, երբ գտնում է, որ դրանք գործի լուծման համար էական նշանակություն չունեն:
Նշված նորմի վերլուծությունից հետևում է, որ վերաքննիչ դատարանն ընդունում է վարչական դատարան չներկայացված այն ապացույցները, որոնք իր կարծիքով ունեն գործի լուծման համար էական նշանակություն:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձանց կողմից այդ հողամասի վրա շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելը, ինչպես նաև բազմաբնակարան շենքերում կամ շենքերին կից ինքնակամ կառույցներ կատարելը, բացառությամբ գյուղական համայնքներում տնամերձ հողամասի վրա ինքնակամ կառուցված անհատական բնակելի տան առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքներ կատարել շարունակելը սույն հոդվածի առաջին մասով նախատեսված կարգով տուգանք նշանակելուց հետո առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարհինգհարյուրապատիկի չափով:
Հիմք ընդունելով վերը նշվածը և սույն գործի փաստերը համադրելով՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի հետազոտել և գնահատել գործով ձեռք բերված ապացույցները, այդ թվում՝ Դատարան ներկայացված, ինչպես նաև վերաքննիչ բողոքին կից ներկայացված իրավախախտման վայրում առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի կառուցված պատի (01.12.2010 թվականի թիվ 002540 արձանագրության), իսկ հետագայում էլ այդ պատի վրա կառուցված և ավարտական տեսքի բերված ավտոտնակի (31.01.2011 թվականի թիվ 002987 արձանագրության) լուսանկարները (գ.թ. 43, 107, 108) և որևէ կերպ չի պատճառաբանել սույն գործի լուծման համար էական նշանակություն ունեցող նշված ապացույցները չգնահատելը:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.9-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.15-118.18-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Երևանի քաղաքապետի վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն։ Բեկանել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 07.02.2012 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վարչական դատարան` նոր քննության:
2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։
Նախագահող` |
Ե. Խունդկարյան | |
Դատավորներ` |
Ե. Սողոմոնյան | |
Ս. Անտոնյան | ||
Վ. Ավանեսյան | ||
Մ. Դրմեյան | ||
Գ. Հակոբյան | ||
Տ. Պետրոսյան |