Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-1044
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (07.09.2012-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.09.19/46(920) Հոդ.1027
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
07.09.2012
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
07.09.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.09.2012

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

7 սեպտեմբերի 2012 թ.

 

2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18-ԻՆ ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ, ՀՈԳԵՄԵՏ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՊՐԵԿՈՒՐՍՈՐՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ (ԿԻՑ ՎԵՐԱՊԱՀՈՒՄՈՎ ԵՎ ԱՌԱՐԿՈՒԹՅԱՄԲ) ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի (զեկուցող), Ա. Պետրոսյանի, Վ. Պողոսյանի,

 մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի առաջին տեղակալ Հ. Պողոսյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2011 թվականի հոկտեմբերի 18-ին Սանկտ Պետերբուրգում ստորագրված` Թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների նմուշների հանձնման կարգի մասին համաձայնագրում (կից վերապահումով և առարկությամբ) ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի` 2012 թվականի հունիսի 26-ին Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան մուտքագրված դիմումը:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. Թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների նմուշների հանձնման կարգի մասին համաձայնագիրն ստորագրվել է 2011թ. հոկտեմբերի 18-ին Սանկտ Պետերբուրգում՝ ելնելով ԱՊՀ մասնակից պետությունների՝ 2000 թվականի նոյեմբերի 30-ի համանուն համաձայնագրի և ԱՊՀ մասնակից պետությունների՝ թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների անօրինական շրջանառությանը հակազդող` 2002 թվականի հոկտեմբերի 7-ի հայեցակարգի նպատակներից:

2. Քննության առարկա Համաձայնագրի նպատակն է սահմանել անօրինական շրջանառությունից առգրավված թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների նմուշների հանձնման կարգը` օպերատիվ հետախուզական միջոցառումների իրականացման, քրեագիտական համեմատական ուսումնասիրության անցկացման ապահովման համար, ինչպես նաև գիտական և ուսումնական նպատակներով:

3. Համաձայնագրի կատարման նպատակներից ելնելով` կողմերը համագործակցելու են իրավասու մարմինների միջոցով՝ անմիջականորեն, ինչպես նաև դիվանագիտական ուղիներով նամակների փոխանակման միջոցով: Այդ նպատակով համաձայնագրի բաղկացուցիչ մասը կազմող թիվ 1 հավելվածում նախատեսված է թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների նմուշների հանձնման կարգը:

Համաձայնագրի շրջանակներում համագործակցությունն իրականացվելու է կողմերի իրավասու մարմինների՝ աջակցություն ցուցաբերելու նպատակով կատարված հարցումների հիման վրա: Այդպիսի հարցումների կատարման և դրանց հիման վրա ձեռնարկվելիք միջոցների իրականացման կարգը նախատեսված է Համաձայնագրի 4-րդ, 5-րդ, 6-րդ և 7-րդ հոդվածներում:

Համաձայնագրում նախատեսված են նաև դրույթներ՝ հնարավոր վեճերի լուծման, Համաձայնագրի կատարման ընթացքում ծախսեր կատարելու, այլ միջազգային պայմանագրերից բխող իրավունքների և պարտականությունների կատարման, Համաձայնագրի ուժի մեջ մտնելու, գործողության ժամկետի վերաբերյալ:

Համաձայնագիրը բաղկացած է նաև թիվ 2 և թիվ 3 հավելվածներից, որոնցում համապատասխանաբար սահմանված են թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների նմուշների հաշվառման քարտի, ինչպես նաև այդ նմուշների պիտակի ձևերը:

4. Քննության առարկա Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը ստանձնում է հետևյալ հիմնական պարտավորությունները.

- իրականացնել օպերատիվ հետախուզական միջոցառումների, հետաքննության, քննչական գործողությունների ընթացքում առգրավված, ինչպես նաև այլ ճանապարհով ձեռք բերված թմրանյութերի և դրանց պրեկուրսորների նմուշների հանձնում Համաձայնագրով սահմանված ընթացակարգին համապատասխան,

- Համաձայնագրի` ուժի մեջ մտնելու օրվանից ոչ ուշ, քան 30 օրվա ընթացքում որոշել իրավասու այն մարմինների ցանկը, որոնց վրա կդրվի դրա իրականացումը և այդ մասին տեղեկացնել ավանդապահին,

- ինքնուրույն կրել Համաձայնագրի իրականացման ընթացքում ծագող ծախսերը, եթե յուրաքանչյուր կոնկրետ դեպքում այլ կարգ չի համաձայնեցվում:

5. Համաձայնագիրն ստորագրվել է կից վերապահումով և առարկությամբ, մասնավորապես.

- կապված՝ ՀՀ պետական սահմանով թմրամիջոցների և դրանց պրեկուրսորների նմուշների տեղափոխման, ինչպես նաև ՀՀ տարածքով դրանց տարանցման դեպքերում մաքսային հայտարարագիր պահանջելու իրավունք վերապահելու հետ,

- կապված՝ Համաձայնագրի դրույթները Ադրբեջանի Հանրապետության նկատմամբ կիրառելու հետ:

6. Սահմանադրական դատարանը գտնում է, որ Համաձայնագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները բխում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ պետության առջև դրված սահմանադրաիրավական խնդիրներից:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 72-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. 2011 թվականի հոկտեմբերի 18-ին Սանկտ Պետերբուրգում ստորագրված` Թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների նմուշների հանձնման կարգի մասին համաձայնագրում (կից վերապահումով և առարկությամբ) ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Նախագահող

Գ. Հարությունյան

 

7 սեպտեմբերի 2012 թ.

ՍԴՈ-1044

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան