Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-1052
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (16.10.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.10.24/52(926) Հոդ.1128
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
16.10.2012
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
16.10.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.10.2012

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

16 հոկտեմբերի 2012 թ.

 

ՔԱՂԱՔԱՑԻ ԳԱՅԱՆԵ ԱՇՈՒՂՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 379-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 3-ՐԴ ԿԵՏԻ ԵՎ 380-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԵՎ 2-ՐԴ ՄԱՍԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի (զեկուցող), Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի, Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ`

դիմողի ներկայացուցիչներ Ա. Զեյնալյանի և Ա. Ղազարյանի,

գործով որպես պատասխանող կողմ ներգրավված` ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչներ` ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության իրավական փորձաքննության բաժնի գլխավոր մասնագետ Ա. Մխիթարյանի և առաջատար մասնագետ Հ. Սարդարյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 38 և 69-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Քաղաքացի Գայանե Աշուղյանի դիմումի հիման վրա` Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և 380-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթը քաղաքացի Գ. Աշուղյանի` 23.02.2012թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, դիմող և պատասխանող կողմերի գրավոր բացատրությունները, հետազոտելով Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրքը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքն ընդունվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից` 1998 թվականի հուլիսի 1-ին, Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից ստորագրվել` 1998 թվականի սեպտեմբերի 1-ին և ուժի մեջ է մտել 1999 թվականի հունվարի 12-ից:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի` «Վերաքննիչ բողոք բերելու ժամկետը» վերտառությամբ 379-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը սահմանում է. «Վերաքննիչ բողոք բերվում են ... առաջին ատյանի դատարանի` կալանավորման, կալանքի ժամկետի երկարաձգման, բժշկական հաստատությունում անձանց տեղավորման մասին որոշումները` հրապարակվելու պահից հնգօրյա ժամկետում, իսկ գործն ըստ էության չլուծող մյուս ակտերը` հրապարակվելու պահից տասնօրյա ժամկետում»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի` «Բողոքարկման ժամկետը վերականգնելու կարգը» վերտառությամբ 380-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը համապատասխանաբար սահմանում են.

«1. Հարգելի պատճառներով բողոքարկման համար սահմանված ժամկետը բաց թողնելու դեպքում բողոք ներկայացնելու իրավունք ունեցող անձինք կարող են դատական ակտը կայացրած դատարանի առաջ միջնորդել` վերականգնելու բաց թողնված ժամկետը: Բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը քննվում է դատական նիստում դատավճիռ կամ որոշում կայացրած դատարանի կողմից, որն իրավունք ունի կանչել միջնորդություն հարուցած անձին` բացատրություններ տալու համար:

2. Բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը մերժելու որոշումը տասնհինգօրյա ժամկետում կարող է բողոքարկվել վերաքննիչ դատարան, որն իրավունք ունի վերականգնել բաց թողնված ժամկետը և քննել գործը` պահպանելով սույն օրենսգրքի 382 հոդվածում և 383 հոդվածի երկրորդ մասում շարադրված պահանջները»:

 

2. Գործի դատավարական նախապատմությունը հանգում է հետևյալին. դիմողի ներկայացուցիչները 07.03.2011թ. բողոք են ներկայացրել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` խնդրելով դատարանին, ի թիվս այլնի, պարտավորեցնել ՀՀ գլխավոր դատախազին դիմել ՀՀ քրեական վերաքննիչ դատարան` Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 07.04.2003թ. և 09.04.2003թ. «Վարչական տույժ նշանակելու մասին» որոշումների վերանայման վարույթ հարուցելու պահանջով:

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն իր` 07.04.2011թ. որոշմամբ բողոքը մերժել է, գտնելով, որ «... Գ. Աշուղյանի իրավունքներն ու ազատությունները ՀՀ գլխավոր դատախազի և դատախազության կողմից չեն խախտվել»:

Նշված որոշման դեմ դիմողի ներկայացուցիչները 22.04.2011թ. ներկայացրել են վերաքննիչ բողոք` մատնանշելով այն հանգամանքը, որ առաջին ատյանի դատարանի որոշումը փոստին է հանձնվել 12.04.2011թ., և իրենք այն ստացել են 13.04.2011թ.: Նշված փաստերը հիմք ընդունելով` դիմողի ներկայացուցիչները վերաքննիչ դատարանին ուղղված իրենց բողոքում կարծիք են հայտնել, որ բողոքարկման 10-օրյա ժամկետը պետք է մեկնարկի որոշումն ստանալու պահից:

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն իր` 28.04.2011թ. ԵԿԴ/0025/11/11 որոշմամբ վերաքննիչ բողոքը թողել է առանց քննության` ժամկետանց լինելու պատճառով: Միաժամանակ, վերաքննիչ դատարանն ուղղորդել է դիմողի ներկայացուցիչներին` առաջնորդվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 380-րդ հոդվածով` բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդություն ներկայացնել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որի` միջնորդությունը մերժելու մասին որոշումը կարող է բողոքարկվել վերաքննիչ դատարան:

Նշված որոշման դեմ դիմողի ներկայացուցիչները ներկայացրել են վճռաբեկ բողոք, որը վճռաբեկ դատարանի 24.05.2011թ. ԵԿԴ/0025/11/11 որոշմամբ վերադարձվել է:

Միաժամանակ, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 28.04.2011թ. վերոնշյալ ԵԿԴ/0025/11/11 որոշման մեջ նշված իրավական դիրքորոշմանը համահունչ, դիմողի ներկայացուցիչները բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդություն են ներկայացրել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որը, հաստատված համարելով այն փաստը, որ առաջին ատյանի դատարանի 07.04.2011թ. որոշումը դիմողի ներկայացուցիչները փոստային ծառայության միջոցով ստացել են 13.04.2011թ., իր` 06.05.2011թ. որոշմամբ միջնորդությունը մերժել է այն պատճառաբանությամբ, որ դիմողի ներկայացուցիչներն ունեին դատարանի նշված որոշումը բողոքարկելու համար բավարար ժամանակ և հնարավորություն ու կարող էին պատշաճ, օրենքով սահմանված կարգով և ժամկետում բողոքարկել դատարանի որոշումը` ընդհուպ մինչև 2011 թվականի ապրիլի 18-ը ներառյալ, որը չեն կատարել:

Դիմողի ներկայացուցիչները Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 07.09.2011թ. վերը նշված որոշման դեմ ներկայացրել են վերաքննիչ բողոք:

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն իր` 08.07.2011թ. ԵԿԴ/0033/15/11 որոշմամբ, ըստ էության կրկնելով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` 07.09.2011թ. որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումները և ավելացնելով, որ` «... 07.04.2011թ. դատական ակտը 12.04.2011թ-ին ստանալու հանգամանքը կոնկրետ դեպքում չի հանդիսացել այնպիսի սահմանափակում, որը կարող էր խախտել դատարանի մատչելիության իրավունքը», մերժել է վերաքննիչ բողոքը:

Նշված որոշման դեմ դիմողի ներկայացուցիչները ներկայացրել են վճռաբեկ բողոք, որը վճռաբեկ դատարանի 22.08.2011թ. ԵԿԴ/0033/15/11 որոշմամբ վերադարձվել է:

 

3. Վիճարկելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի` «հրապարակվելու պահից» դրույթի և 380-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի սահմանադրականությունը` դիմողը գտնում է, որ դրանք հակասում են ՀՀ Սահմանադրության 18 և 19-րդ հոդվածներին:

Իր դիրքորոշումը հիմնավորելու համար դիմողն արձանագրում է, որ դատարանն իրավաչափորեն հրապարակում է միայն դատական ակտի եզրափակիչ մասը, սակայն բողոքարկման ժամկետի սկիզբը շարունակում է հաշվարկվել հրապարակման պահից, ինչի հետևանքով, մի կողմից, սկսում է հոսել բողոքարկման ժամկետը, իսկ մյուս կողմից` բողոքարկուն դեռ չունի դատական ակտի բովանդակային մասը, այսինքն` չունի բողոքարկման իրական հնարավորություն. իր տրամադրության տակ չկան բողոքի արդյունավետության համար անհրաժեշտ կարևոր տվյալներ, օրինակ` դատարանի կողմից էական համարված փաստերը, կիրառված նորմերը, դատարանի եզրահանգումները, պատճառաբանությունները, հիմնավորումները և այլն: Հղում կատարելով Սահմանադրության հիշյալ հոդվածներին և Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիային, մեջբերելով Սահմանադրության 3-րդ հոդվածը, ինչպես նաև «Մամիկոնյանն ընդդեմ Հայաստանի» գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի համապատասխան վճռում շարադրված իրավական դիրքորոշումները` դիմողը գտնում է, որ օրենսգրքի վիճարկվող դրույթները չեն ապահովում անձանց` ՀՀ Սահմանադրության 18 և 19-րդ հոդվածների 1-ին մասերով նախատեսված` դատական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքը:

Վկայակոչելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մի շարք վճիռներ, որոնցում արտահայտված իրավական դիրքորոշումների համաձայն` Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու համար սահմանված վեցամսյա ժամկետը կարող է հաշվարկվել ներպետական դատարանի վերջնական որոշման պատճենը ստանալու պահից, դիմողը պնդում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը հակասում է նաև Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայով և ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված` արդար դատաքննության իրավունքն արձանագրող հոդվածների առարկային և նպատակներին:

Դիմողը դատական պաշտպանության արդյունավետ միջոց չի համարում նաև օրենսգրքի 380-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված այն իրավակարգավորումը, համաձայն որի` «բողոքն ըստ էության վերաքննության կարգով քննելու իրավունք ստանալու համար պետք է դիմել այն դատավորին, որի դատական ակտը պատրաստվում ես քննադատել»:

 

4. Պատասխանող կողմը` առարկելով դիմողի փաստարկներին, գտնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի` «հրապարակվելու պահից» դրույթը և 380-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 18 և 19-րդ հոդվածներին։ Որպես իր դիրքորոշման հիմնավորում` պատասխանող կողմը հղում է կատարում դիմողի կողմից արդեն իսկ վկայակոչված` «Մամիկոնյանն ընդդեմ Հայաստանի» գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռում արտահայտված այն եզրահանգմանը, համաձայն որի` Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բողոք ներկայացնելու համար սահմանված տասնօրյա ժամկետի սկիզբը ոչ թե դատավճռի պատճենը հանձնելու, այլ այդ դատավճիռը հրապարակելու պահից հաշվարկելու` ներպետական իրավակարգավորումն ինքնին չի համարում Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտում, եթե այն ուղեկցվում է բողոքաբեր անձանց համար վերաքննիչ ատյանի արդյունավետ մատչելիությունն ապահովող բավարար երաշխիքներով, այդ թվում` նրանց հնարավորություն տալով ներկայացնելու հիմնավորված բողոքներ: Ըստ այդմ, պատասխանողը գտնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 174-րդ և վիճարկվող 380-րդ հոդվածները, ինչպես նաև 402-րդ հոդվածի 2-րդ մասն ամրագրել են երաշխիքներ, որոնք ապահովում են անձի` դատական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքը:

Անդրադառնալով օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված ժամկետներին` պատասխանողը նշում է, որ նման կրճատ ժամկետների սահմանումը նպատակ է հետապնդում արագացնել գործն ըստ էության չլուծող դատական ակտերի վերաբերյալ վեճերի լուծումը, որն ուղղված է քրեական դատավարության սահուն ընթացքի ապահովմանը: Ինչ վերաբերում է անձին ազատությունից զրկելու մասին գործն ըստ էության չլուծող դատական ակտերի բողոքարկման համար է'լ ավելի կարճ ժամկետ սահմանելուն, ապա, ըստ պատասխանողի, այն պայմանավորված է մարդու ազատության իրավունքի անօրինական կամ անհամաչափ սահմանափակումները հնարավորինս կարճ ժամկետում վերացնելու` օրենսդրի մտադրությամբ:

Վկայակոչելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 285-րդ հոդվածի 5-րդ մասը, 290-րդ հոդվածի 5-րդ մասը, 479-րդ հոդվածի 3-րդ մասը` պատասխանողը գտնում է, որ չնայած այն հանգամանքին, որ դատական ակտերի բողոքարկման ժամկետը, որպես կանոն, հաշվարկվում է հրապարակման պահից, այնուամենայնիվ, օրենսդիրն ամրագրել է բավարար երաշխիքներ, որոնք հնարավորություն են տալիս բողոքարկող անձանց օգտվելու բողոքարկման ատյանի արդյունավետ մատչելիությունից:

Անդրադառնալով դիմողի այն դիրքորոշմանը, որով դիմողը դատական պաշտպանության արդյունավետ միջոց չի համարում օրենսգրքի 380-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված այն իրավակարգավորումը, համաձայն որի` «բողոքն ըստ էության վերաքննության կարգով քննելու իրավունք ստանալու համար պետք է դիմել այն դատավորին, որի դատական ակտը պատրաստվում ես քննադատել», պատասխանողը, վկայակոչելով ՀՀ Սահմանադրության 97-րդ հոդվածը, գտնում է, որ դատավորի անկախությունը բացարձակ չէ, և դատարանը տվյալ դեպքում պետք է առաջնորդվի օրենքով և հարգելի պատճառի առկայության դեպքում բավարարի միջնորդությունը:

Բաց թողնված դատավարական ժամկետների վերականգնման քրեադատավարական, քաղաքացիադատավարական և վարչադատավարական կարգերի տարբերության առնչությամբ պատասխանողը գտնում է, որ օրենսգրքի 380-րդ հոդվածով սահմանված` բաց թողնված դատավարական ժամկետների վերականգնման քրեադատավարական կարգը չի կարող հանգեցնել անձի դատական պաշտպանության իրավունքի խախտման, քանի որ միջնորդությունը բավարարելու դեպքում վերաքննիչ բողոքը դատարանի կողմից ընդունվում է վարույթ, իսկ միջնորդությունը մերժելու դեպքում նախատեսված է` «...վերաքննիչ դատարան բողոքարկելու հնարավորություն, որն իրավունք ունի վերականգնելու բաց թողնված ժամկետը և քննելու գործը, ինչը անձի դատական պաշտպանության իրավունքի լրացուցիչ երաշխիք է»:

Պատասխանողը նաև կարծում է, որ դիմողի իրավունքների ոչ լիարժեք իրականացումը պայմանավորված է «...ոչ թե ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի վիճարկվող դրույթների հակասահմանադրականությամբ, այլ դիմողի կողմից օրենքի դրույթները չպահպանելու հանգամանքով: Մասնավորապես, դիմողը բողոքարկման բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդությամբ առաջին ատյանի դատարանին դիմելու փոխարեն դիմել է վերաքննիչ դատարան, որի պատճառով էլ մերժում է ստացել»:

 

5. Հաշվի առնելով կողմերի դիրքորոշումները` սույն գործի քննության շրջանակներում ՀՀ սահմանադրական դատարանը հարկ է համարում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի վիճարկվող դրույթները դիտարկել օրենսգրքի մյուս դրույթների համատեքստում, և, մասնավորապես, այն դրույթների, որոնք վերաբերում են գործն ըստ էության չլուծող դատական ակտը դատավարության մասնակցին հանձնելու` դատարանի պարտականությանը, այդ պարտականության կատարման ժամկետներին, ինչպես նաև գործն ըստ էության չլուծող դատական ակտերի բողոքարկման ժամկետների հաշվարկման պահին:

ՀՀ քրեադատավարական օրենսդրությունն առաջին ատյանի դատարանի` գործն ըստ էության չլուծող դատական ակտերը որոշակի ժամկետում շահագրգիռ անձին հանձնելու առումով բովանդակում է տարբերակված իրավակարգավորում: Մասնավորապես, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 285-րդ հոդվածի 5-րդ մասի ուժով մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու, կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու կամ դրանց վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին որոշումները դրանք կայացնելու օրը դատարանը ստորագրությամբ հանձնում է, ի թիվս այլնի, մեղադրյալին, պաշտպանին, իսկ դատական նիստին վերջիններիս չներկայանալու դեպքում` պատշաճ ձևով ուղարկում է նրանց:

Վերը նշված քրեադատավարական նորմի առնչությամբ սահմանադրական դատարանը հարկ է համարում արձանագրել հետախուզման մեջ գտնվող և պաշտպան չունեցող մեղադրյալին վերը նշված դատական ակտերն ուղարկելու անհնարինության փաստը, ինչպես նաև այն հանգամանքը, որ դատական նիստին մեղադրյալի, պաշտպանի չներկայանալու դեպքում դատական ակտը վերջիններիս ուղարկելու պահի և դրանք վերջիններիս կողմից փաստացիորեն ստանալու պահի միջև առկա է անորոշ ժամանակահատված:

Ինչ վերաբերում է գործն ըստ էության չլուծող մյուս բոլոր դատական ակտերին, ապա օրենսգիրքն այդ դատական ակտերը շահագրգիռ անձանց հանձնելու ժամկետներ չի բովանդակում (օրինակ` օրենսգրքի 283-րդ հոդվածի 5-րդ մաս, 290-րդ հոդվածի 5-րդ մաս): Նման իրավակարգավորման արդյունքում ևս առկա է անորոշ ժամանակ վերը նշված` գործն ըստ էության չլուծող դատական ակտերը մեղադրյալին, պաշտպանին ուղարկելու պահից մինչև դրանք վերջիններիս կողմից փաստացիորեն ստանալու պահը:

Միևնույն ժամանակ, սահմանադրական դատարանն արձանագրում է, որ, ի տարբերություն օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի դրույթների, օրենսդիրը մի շարք այլ դեպքերում գործն ըստ էության չլուծող դատական ակտի բողոքարկման ժամկետի մեկնարկի սկիզբ է համարել դատական ակտը հասցեատիրոջ կողմից ստանալու պահը (օրինակ` օրենսգրքի 479-րդ հոդվածի 3-րդ մաս, 412-րդ հոդված):

 

6. Սույն գործով սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում վիճարկվող նորմերի սահմանադրականությունը գնահատելիս ելնել.

- մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների ու ազատությունների՝ միջազգային իրավական սկզբունքներին և նորմերին համապատասխան դատական պաշտպանությունն ապահովելու անհրաժեշտությունից (ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդված),

- ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածում ամրագրված՝ դատական պաշտպանության իրավունքի և վերջինիս կարևոր բաղադրիչ հանդիսացող՝ դատական ակտերի բողոքարկման, հավասարապես նաև՝ Սահմանադրության 19-րդ հոդվածում ամրագրված արդար դատաքննության իրավունքի երաշխավորման անհրաժեշտությունից, ելնելով այդ բնագավառի օրենսդրական համալիր զարգացումների միասնական այն հայեցակարգից, որը բխում է դատական բողոքարկման ինստիտուտի սահմանադրականության վերաբերյալ ՀՀ սահմանադրական դատարանի որոշումներից:

 

7. ՀՀ սահմանադրական դատարանն իր նախկին որոշումներում արտահայտել է իրավական դիրքորոշումներ, որոնք, ի թիվս այլնի, առնչվում են նաև դատական ակտի բողոքարկման իրավունքի արդյունավետ իրացմանը: Դատարանն իր` 28.11.2007թ. ՍԴՈ-719 որոշմամբ, մասնավորապես, ամրագրել է, որ. «Անձի դատական պաշտպանության սահմանադրական իրավունքից ածանցվում է պետության պոզիտիվ պարտականությունը` ապահովել այն թե՛ նորմաստեղծ, թե՛ իրավակիրառման գործունեություն իրականացնելիս: Դա ենթադրում է, մի դեպքում, օրենսդրի պարտականությունը` լիարժեք դատական պաշտպանության հնարավորություն և մեխանիզմներ ամրագրել օրենքներում, մյուս կողմից, իրավակիրառողի պարտականությունը` առանց բացառությունների քննարկման ընդունել անձանց` օրինական կարգով իրենց ուղղված դիմումները, որոնցով նրանք հայցում են իրավական պաշտպանություն իրենց իրավունքների ենթադրյալ խախտումներից: Ակնհայտ է, որ առաջին հերթին այս պահանջը վերաբերում է դատարաններին, քանի որ այդ մարմիններն են, որ օժտված են իրավական պաշտպանության համապարփակ լիազորություններով: ... Մյուս կողմից, դատական իշխանությունը միակ իշխանությունն է, որն ինքն է ունակ և պարտավոր վերահսկելու իրեն, այսինքն` վերադաս ատյանների դատարանները պարտավոր են վերացնել ավելի ստորին ատյանների թույլ տված դատական սխալները: Սակայն իրեն ուղղված դիմումների հանդեպ դատարանի կողմից անգործություն ցուցաբերելը, ըստ էության, խաթարում է դատական պաշտպանության իրավունքի էությունը: Նման մոտեցումն անհնարին է դարձնում արդարադատությունը, այն դառնում է անձանց համար ոչ մատչելի: Նման իրավիճակն անհամատեղելի է իրավական պետության սահմանադրաիրավական սկզբունքների հետ»:

Անդրադառնալով վերադաս դատական ատյանում դիմումի թույլատրելիության պահանջներին` ՀՀ սահմանադրական դատարանը նշել է, որ. «Այլ է իրավիճակը վերադաս դատական ատյաններում, որոնցում դիմումի թույլատրելիության պահանջները կարող են ավելի խիստ լինել: Սակայն այս ատյաններում ևս դիմումների ընդունումը դատարանի վարույթ չի կարող իրականացվել կամայականորեն»:

ՀՀ սահմանադրական դատարանն իր` 2006թ. հոկտեմբերի 18-ի ՍԴՈ-652, 2006թ. նոյեմբերի 16-ի ՍԴՈ-665, 2007թ. ապրիլի 9-ի ՍԴՈ-690 և մի շարք այլ որոշումներով բազմիցս անդրադառնալով արդարադատության մատչելիության և արդյունավետության խնդիրներին, առաջնորդվելով ՀՀ Սահմանադրության 1, 3, 14, 18, 19, 42, 43 և այլ հոդվածներով, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի, միջազգային իրավական այլ փաստաթղթերում ամրագրված հիմնադրույթներով, վկայակոչելով նաև ժողովրդավարության զարգացման միջազգային փորձն ու Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային պրակտիկան, կարևորել է անձի իրավունքների արդյունավետ պաշտպանությունը երաշխավորելու համար նորմատիվ իրավական բավարար նախադրյալների ստեղծումն ու զարգացումը՝ հատկապես միջազգային այն պարտավորությունների շրջանակներում, որպիսիք Հայաստանի Հանրապետությունն ստանձնել է Եվրոպայի խորհրդի առջև: Միաժամանակ, կարևորվել է այդ պարտավորություններից բխող ներպետական հայեցողական որոշակի ազատությունն արդարադատության մատչելիության և, հատկապես՝ դատական բողոքարկման իրավունքի օրենսդրական սահմանափակումների հարցում:

Իր` 09.04.2007թ. ՍԴՈ-690 որոշմամբ ՀՀ սահմանադրական դատարանը, անդրադառնալով դատական ակտերի բողոքարկման խնդրին, ամրագրել է, որ. «նախապայմանների խստացումը չպետք է տեղի ունենա անհամաչափ՝ անձանց համար ստեղծելով իրավունքների պաշտպանության խոչընդոտներ: Բացի դրանից, վերաքննիչ կամ վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելու հարցում դատարանները պետք է ունենան ոչ թե հայեցողական անսահմանափակ ազատություն, այլ՝ օրենսդրորեն նախատեսված, հստակ, և անձանց համար միակերպ ընկալելի հիմքերով, բողոքը վարույթ ընդունելու կամ մերժելու իրավունք և պարտականություն: Վերոհիշյալ խնդրին անդրադառնալով` սահմանադրական դատարանը նաև կարևորում է դատական ակտերի բողոքարկման ինստիտուտի համակարգային ամբողջականությունը և կիրառման արդյունավետությունն ապահովող կառուցակարգային ու օրենսդրական համապատասխան երաշխիքների առկայությունը»:

 

8. ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրելով, որ ստորադաս դատարանի դատական ակտի բողոքարկման համար որոշակի ժամկետի սահմանումը հետապնդում է իրավաչափ նպատակ` երաշխավորելու իրավական որոշակիությունը, միևնույն ժամանակ, հիմք ընդունելով, մասնավորապես, իր` ՍԴՈ-652, ՍԴՈ-665, ՍԴՈ-690, ՍԴՈ-719 որոշումներում ամրագրված` վերը նշված իրավական դիրքորոշումները, գտնում է, որ ստորադաս դատարանի դատական ակտը հրապարակվելու պահից որոշակի ժամկետում բողոքարկելու վերաբերյալ դրույթներ սահմանելիս օրենսդիրը պարտավոր է` ելնելով անձի դատարանի մատչելիության և արդյունավետ դատական պաշտպանության սահմանադրական իրավունքներից, օրենսդրորեն անհրաժեշտ նախադրյալներ ամրագրել դրանց երաշխավորման ու ապահովման համար: Սահմանադրական դատարանը միաժամանակ գտնում է, որ ստորադաս դատարանի դատական ակտը վերադասության կարգով բողոքարկելու եղանակով անձի դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի լիարժեք իրացումը մեծապես կախված է այն հանգամանքից, թե որքանով է բողոքարկվող դատական ակտը հասու շահագրգիռ անձին, ողջամիտ ինչ ժամկետում նա կարող է հիմնավոր բողոք ներկայացնել իր իրավունքների դատական պաշտպանության համար: Նման իրավական դիրքորոշման համար հիմք են ծառայում, մասնավորապես, օրենսգրքի 381-րդ հոդվածը, որը վերաբերում է վերաքննիչ բողոքին ներկայացվող պահանջներին, վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու հիմքերին, 407-րդ հոդվածը, որը վերաբերում է վճռաբեկ բողոքին ներկայացվող պահանջներին, վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու հիմքերին, 414.1-րդ հոդվածը, որը վերաբերում է վճռաբեկ բողոքը վերադարձնելուն: Օրենսգրքի 381-րդ հոդվածի 1-ին մասի 5.1-րդ կետի համաձայն` վերաքննիչ բողոք բերողը պարտավոր է իր բողոքում հիմնավորել ստորադաս դատարանի կողմից նյութական կամ դատավարական նորմերի խախտումը, ինչպես նաև գործի ելքի վրա դրա ազդեցությունը, իսկ նման հիմնավորման բացակայության դեպքում նույն հոդվածի 2-րդ մասի ուժով վերաքննիչ բողոքը թողնվում է առանց քննության: Օրենսգրքի 407-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն` վճռաբեկ բողոք բերողը պարտավոր է իր բողոքում պատճառաբանել ստորադաս դատարանի կողմից նյութական կամ դատավարական նորմերի խախտումը, ինչպես նաև գործի ելքի վրա դրա ազդեցությունը, նույն մասի 6.1-րդ կետի համաձայն` վճռաբեկ բողոք բերողը պարտավոր է իր բողոքում հիմնավորել ստորադաս դատարանի կողմից թույլ տրված առերևույթ դատական սխալը, ինչպես նաև այդ սխալի հետևանքով ծանր հետևանքներ առաջացած լինելու փաստը կամ առաջանալու հնարավորությունը, իսկ վերը նշված պատճառաբանությունների և հիմնավորումների բացակայության դեպքում օրենսգրքի 414.1-րդ հոդվածի 1-ին մասի ուժով վճռաբեկ բողոքը վերադարձվում է:

Վերոգրյալի հիման վրա ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրում է, որ վերաքննիչ կամ վճռաբեկ բողոքներն օրենքով դրանց ներկայացված պահանջներին համահունչ նախապատրաստելու համար հարկ է, որպեսզի վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք ներկայացնող անձն իր տնօրինության ներքո ունենա բողոքարկվող դատական ակտը, որպեսզի կարողանա նշված ակտի ուսումնասիրության հիման վրա իր վերաքննիչ կամ վճռաբեկ բողոքում հիմնավորել, պատճառաբանել ստորադաս դատարանի կողմից նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի խախտումը և գործի ելքի վրա դրանց ազդեցությունը, կամ դրանց արդյունքում` ծանր հետևանքներ առաջացած լինելու փաստը կամ առաջացման հնարավորությունը: Մինչդեռ օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով բողոքարկման ժամկետների հաշվարկի սկիզբ համարելով բողոքարկվող դատական ակտի հրապարակման պահը, օրենսդիրը ստորադաս դատարանի դատական ակտը վերադասության կարգով բողոքարկելու եղանակով անձի դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի լիարժեք իրացումը կախվածության մեջ է դնում դատական հայեցողությունից` բաց թողնված ժամկետը հարգելի կամ անհարգելի համարելու առումով: Բանն այն է, որ դատական ակտը հրապարակելուց, այն հասցեատիրոջն ուղարկելուց մինչև հասցեատիրոջ կողմից այն փաստացիորեն ստանալն օբյեկտիվորեն անցնում է որոշակի ժամանակահատված, որը կարող է ավելի երկարաձգվել` պայմանավորված նաև սուբյեկտիվ գործոններով: Նման պայմաններում անձն իր տնօրինության ներքո հաճախ չի ունենում բողոքարկվող դատական ակտը, հնարավորություն չի ունենում վերաքննիչ կամ վճռաբեկ բողոքները կազմել օրենքով դրանց ներկայացվող պահանջներին համահունչ, ինչն իրավաչափորեն հիմք է հանդիսանում վերաքննիչ կամ վճռաբեկ բողոքները համապատասխանաբար` առանց քննության թողնելու կամ վերադարձնելու համար:

 

9. Օրենսդիրն ստորադաս դատարանի դատական ակտը վերադասության կարգով բողոքարկելու եղանակով անձի դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի իրացման համար որպես երաշխիք ամրագրել է նաև օրենսգրքի 380-րդ հոդվածը, որը վերաբերում է բողոքարկման համար բաց թողնված ժամկետը հարգելի համարելուն: Տվյալ դեպքում սահմանադրական դատարանի խնդիրն է պարզել` արդյոք օրենսգրքի 380-րդ հոդվածը լիարժեքորեն ապահովում է անձի դատական պաշտպանության սահմանադրական իրավունքը:

Սույն գործով հաստատված համարելով, որ բողոքարկվող դատական ակտի հրապարակումից հետո մինչև հասցեատիրոջ կողմից այն փաստացիորեն ստանալն անցել է որոշակի ժամանակահատված, ՀՀ դատարանները, այնուամենայնիվ, հարգելի չեն համարել բաց թողնված ժամկետը` հիմք ընդունելով այն հանգամանքը, որ բողոքարկվող դատական ակտը փաստացիորեն ստանալուց հետո մինչև բողոքարկման համար սահմանված ժամկետի ավարտը մնացել է 6 օր, ինչը, ըստ ՀՀ դատարանների, բավարար ժամանակ է փաստելու համար, որ բողոքաբերն իրական հնարավորություն է ունեցել սահմանված ժամկետում ներկայացնելու վերաքննիչ բողոք:

Վերոնշյալի կապակցությամբ սահմանադրական դատարանն արձանագրում է, որ օրենսգրքի 380-րդ հոդվածով օրենսդիրը դատարաններին օժտել է լայն հայեցողական լիազորությամբ` հարգելի համարելու կամ չհամարելու ժամկետների բացթողումը: Այս կապակցությամբ, առաջնորդվելով անձի դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրացման անհրաժեշտությամբ, հիմք ընդունելով իր` ՍԴՈ-690 որոշմամբ արտահայտած այն իրավական դիրքորոշումը, որ «վերաքննիչ կամ վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելու հարցում դատարանները պետք է ունենան ոչ թե հայեցողական անսահմանափակ ազատություն, այլ՝ օրենսդրորեն նախատեսված, հստակ, և անձանց համար միակերպ ընկալելի հիմքերով, բողոքը վարույթ ընդունելու կամ մերժելու իրավունք և պարտականություն», ՀՀ սահմանադրական դատարանը գտնում է, որ օրենսգրքի 380-րդ հոդվածը լիարժեք չի երաշխավորում ստորադաս դատարանի դատական ակտը վերադասության կարգով բողոքարկելու եղանակով անձի դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի արդյունավետ իրացումն այն պատճառաբանությամբ, որ նշված հայեցողական լիազորությունների իրականացումը հանգեցնում է անորոշության: Օրինակ` պարզ չէ, թե կոնկրետ գործերով ինչ մոտեցում կցուցաբերեն դատարանները, եթե բողոքարկվող դատական ակտը փաստացիորեն ստանալուց հետո մինչև բողոքարկման ժամկետի ավարտը մնա ոչ թե 6 օր, ինչպես սույն գործով դիմողի դեպքում է, այլ 5 օր կամ դրանից պակաս: Այս կապակցությամբ սահմանադրական դատարանը հիմնավորված չի համարում բողոքարկվող դատական ակտի փաստացի ուշ ստանալու հիմքով բողոքարկման ժամկետի բացթողումը հարգելի համարելու միջնորդություն ներկայացնելու դեպքում դատարաններին լայն հայեցողական լիազորության տրամադրումը: Եթե օրենսդիրը, հիմք ընդունելով բողոքարկվող դատական ակտի բնույթը, հաշվի առնելով դատարանի մատչելիության և արդար դատաքննության իրավունքների իրացման անհրաժեշտությունը, տվյալ ակտի բողոքարկման համար բավարար է համարել տվյալ ժամկետը, կոնկրետ դեպքում` հնգօրյա և տասնօրյա ժամկետները, ապա նշված ժամկետները պետք է մեկնարկեն բողոքարկվող դատական ակտին ծանոթանալու իրական հնարավորության առաջացման պահից, առավել ևս, որ օրենսդիրը մի շարք դեպքերում ոչ միայն չի բացառում, այլև որպես դատական ակտի բողոքարկման ժամկետի մեկնարկի սկիզբ ուղղակիորեն նախատեսում է տվյալ դատական ակտը հասցեատիրոջ կողմից ստանալու պահը:

Այս առումով, հաշվի առնելով նաև «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը` սահմանադրական դատարանը կարևոր է համարում նաև ՀՀ դատական պրակտիկայում ստեղծված ընդհանուր վիճակին անդրադարձը: Այդ առումով հատկանշական է հատկապես ՀՀ դատարանների նախագահների խորհրդի 2000թ. դեկտեմբերի 22-ի թիվ 36 որոշմամբ ամրագրված այն իրողությունը, որ կան դեպքեր, երբ «…դատարանները օրենքով սահմանված ժամկետների խախտմամբ` ուշացումով են դատավճիռները, վճիռները և որոշումները հանձնում բողոքարկման իրավունք ունեցող անձանց, որպիսի հանգամանքը վերջիններիս զրկում է օրենքով նախատեսված ժամկետներում վերադաս դատարաններին բողոքներ ներկայացնելու հնարավորությունից»: Իրավիճակի` նման կերպ գնահատումից ելնելով դատարանների նախագահների խորհուրդը գտել է, որ բոլոր այն դեպքերում, երբ ժամկետը բաց է թողնվել բողոք բերողի կամքից անկախ պատճառներով, դատարանների կողմից ժամկետի բացթողումը պետք է ճանաչել հարգելի: Մասնավորապես դա վերաբերում է նաև այն դեպքերին, երբ ժամկետը բաց է թողնվել դատարանի կողմից դատական ակտի պատճենն օրենքով նախատեսված ժամկետից ավելի ուշ կողմին հանձնելու պատճառով:

Այսուհանդերձ, նման դիրքորոշման առկայության պայմաններում խնդիրը ոչ թե օրենսդրական կարգավորում է ստացել, այլ դարձյալ թողնվել է դատարանների հայեցողությանը: ՀՀ սահմանադրական դատարանը գտնում է, որ մարդու սահմանադրական իրավունքների պաշտպանության առումով նշված դեպքերում բաց թողնված ժամկետն իրավունքի ուժով (ex jure) պետք է համարվի հարգելի, ինչը կերաշխավորի անձի` դատարանի մատչելիության և արդար դատաքննության իրավունքների արդյունավետ իրացումը:

 

10. Ինչ վերաբերում է դիմողի կողմից բարձրացված երկրորդ հարցին, որն առնչվում է վիճարկվող 380-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերին, սահմանադրական դատարանը գտնում է, որ հարգելի պատճառներով բողոքարկման համար սահմանված ժամկետը բաց թողնելու դեպքում բողոք ներկայացնելու իրավունք ունեցող անձանց` բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդությունը քննելու լիազորությունը դատական ակտը կայացրած դատարանին վերապահելու իրավասությունն օրենսդրի հայեցողության շրջանակներում է: Այս իրավակարգավորման շրջանակներում էական երաշխիք է հանդիսանում վերը նշված միջնորդությունը մերժելու մասին որոշումը բողոքարկելու իրավունքը: Մասնավորապես, օրենսգրքի վիճարկվող 380-րդ հոդվածի 2-րդ մասն ամրագրում է, որ «Բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը մերժելու որոշումը տասնհինգօրյա ժամկետում կարող է բողոքարկվել վերաքննիչ դատարան, որն իրավունք ունի վերականգնել բաց թողնված ժամկետը և քննել գործը` պահպանելով սույն օրենսգրքի 382 հոդվածում և 383 հոդվածի երկրորդ մասում շարադրված պահանջները»:

Այլ խնդիր է, թե երբ է մեկնարկում օրենսգրքի վերը նշված նորմում սահմանված տասնհինգօրյա ժամկետը: Այս կապակցությամբ սահմանադրական դատարանն արձանագրում է, որ օրենսգրքի 380-րդ հոդվածի 2-րդ մասը պարունակում է իրավական անորոշություն. նորմում հստակ չի նշվում` դատական ակտի հրապարակման, թե դատական ակտի պատճենն ստանալու պահից սկսած տասնհինգօրյա ժամկետում կարող է տվյալ դատական ակտը բողոքարկվել վերաքննիչ դատարան: Հաշվի առնելով սույն որոշման 9-րդ կետում ամրագրված իրավական դիրքորոշումները` սահմանադրական դատարանը գտնում է, որ օրենսգրքի 380-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված տասնհինգօրյա ժամկետը մեկնարկում է համապատասխան դատական ակտը հասցեատիրոջ կողմից փաստացիորեն ստանալու կամ գործնականում օրենքով սահմանված կարգով նրան հասու լինելու պահից, և իրավակիրառական պրակտիկան պետք է առաջնորդվի օրենսգրքի 380-րդ հոդվածի 2-րդ մասի սահմանադրաիրավական բովանդակության այդպիսի ընկալմամբ:

 

11. Ի՞նչ է վկայում սույն հիմնախնդրի միջազգային իրավական պրակտիկայի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի վերլուծությունը: Բազմաթիվ երկրների իրավական պրակտիկան վկայում է, որ հավասարապես ընդունելի են թե՛ այն իրավադրույթները, համաձայն որոնց` դատարանի վճռի դեմ բողոք կարող է բերվել դատավճռի հրապարակման կամ դրա պատճենի առաքման պահից (Սլովակիա, Ռումինիա, Ուկրաինա, Վրաստան, Մոլդովա և այլն) և թե՛ այն իրավակարգավորումը, երբ այդ ժամկետը սահմանվում է դատական ակտն ստանալու պահից (Լեհաստան, Մոնտենեգրո, Հունաստան, Իսպանիա, Գերմանիա, Խորվաթիա և այլն): Այստեղ էականն այն է, որ բոլոր այն երկրները, որտեղ բողոքարկման ժամկետի հաշվարկման համար հիմք է ընդունվում դատական ակտի հրապարակման պահը, ապա օրենսդրորեն սահմանվում են անհրաժեշտ ու բավարար երաշխիքներ, որ դատական ակտն ամբողջությամբ բողոք բերող կողմը կստանա ողջամիտ ժամկետում և ի վիճակի կլինի արդյունավետ իրացնել դատարանի մատչելիության և արդար դատաքննության իր իրավունքը:

Գործնականում նման դիրքորոշում է արտահայտել նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանը: Մասնավորապես, կողմերի բացատրություններում վկայակոչված` «Մամիկոնյանն ընդդեմ Հայաստանի» (գանգատ թիվ 25083/05, 16 մարտի 2010թ.) գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հստակ իրավական դիրքորոշում է արտահայտել առ այն, որ վճռաբեկ բողոք ներկայացնելու համար սահմանված տասնօրյա ժամկետի հաշվարկը վերաքննիչ դատարանի վճռի հրապարակման օրվանից հաշվարկելն ինքնին չի կարող դիտարկվել որպես կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտում: Սակայն, միևնույն ժամանակ, հատուկ շեշտվում է. «…եթե այն ուղեկցվել է բավարար երաշխիքներով, որոնք իրավունք են տալիս բողոքարկող անձանց օգտվելու բողոքարկման ատյանի արդյունավետ մատչելիությունից, ներառյալ վերջիններիս կողմից հիմնավոր բողոքներ ներկայացնելու հնարավորության տրամադրումը»: Դատարանը նաև կարևոր երաշխիք է համարել այն հանգամանքը, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 402-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին համապատասխան երաշխավորված լինի վերաքննիչ դատարանի դատավճռի հրապարակման օրվանից ոչ ուշ, քան երեք օրվա ընթացքում այն դատապարտյալին հանձնելը:

Վերջին հանգամանքը պետք է առանցքային համարել այնպիսի իրավակարգավորումների պայմաններում, երբ բողոքարկման ժամկետը հաշվարկվում է ակտի հրապարակման պահից: Այսուհանդերձ, ՀՀ սահմանադրական դատարանը նախ` ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հիշյալ վճռում (ինչը պաշտոնապես հայերենով հրապարակել է ՀՀ արդարադատության նախարարությունը) օգտագործվում է «հանձնվի» եզրույթը: Այս եզրույթն է տեղ գտել նաև ՀՀ դատարանների նախագահների խորհրդի վերոնշյալ որոշման մեջ: Այնինչ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 402-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրված է «ուղարկվում է» եզրույթը: Ակնհայտ է, որ դրանք էապես տարբեր են, և ուղարկելը ժամանակի առումով բոլորովին համարժեք չէ հանձնելուն, կամ հայտնի չէ, թե ուղարկելու ձևից կախված` այն երբ կհասնի տվյալ իրավահարաբերությունների սուբյեկտին: Այդ հասկացությունները բովանդակային առումով կարող են նույնական համարվել միայն այն դեպքերում, երբ դատական ակտի ամբողջական տեքստն այդ ժամկետում տրամադրվում է համապատասխան սուբյեկտներին կամ տեղակայվում է դատարանի պաշտոնական կայքում` նրանց անմիջապես հասանելի լինելու համար, ինչն արվում է բազմաթիվ երկրներում: Ուստի ՀՀ սահմանադրական դատարանը գտնում է, որ բոլոր նման դեպքերում կողմը պետք է ունենա ողջամիտ ժամկետ դատական ակտն ստանալուց կամ դրա ամբողջական տեքստն իր տրամադրության տակ ունենալուց, նրան պաշտոնապես հասանելի լինելուց հետո հիմնավոր բողոք ներկայացնելու համար: Իսկ, ինչպես նշվեց, բոլոր այն դեպքերում, երբ բողոք բերելու համար օրենքով սահմանված ողջամիտ ժամկետը խախտվում է բողոք բերող անձից անկախ պատճառներով, իրավունքի ուժով (ex jure) բաց թողնված ժամկետը պետք է համարվի հարգելի, այլ ոչ թե այդ հարցի լուծումը թողնվի դատարանի հայեցողությանը: Միայն այս պայմաններում բողոք ներկայացնելու իրավունք ունեցող անձի համար երաշխավորված կլինի ողջամիտ ժամկետներում հիմնավոր բողոք բերելու, դատարանի մատչելիության և արդար դատաքննության իրավունքը:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետով, 102-րդ հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 69-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանն այնքանով, որքանով երաշխավորվում է օրենքով սահմանված կարգով ու ժամկետներում դատական ակտի տրամադրումը բողոք ներկայացնելու իրավունք ունեցող անձին և վերջինից անկախ պատճառներով այդ ժամկետի բացթողումն իրավունքի ուժով (ex jure) ճանաչվում է հարգելի:

2. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 380-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 18 և 19-րդ հոդվածների պահանջներին հակասող և անվավեր այն մասով, որով բողոք ներկայացնելու իրավունք ունեցող անձից անկախ պատճառներով բողոքի ներկայացման համար բաց թողնված ժամկետի վերականգնումը թողնվում է դատարանի հայեցողությանը և իրավունքի ուժով (ex jure) չի ճանաչվում հարգելի:

3. Սույն գործով վեճի առարկա հոդվածների հետ համակարգային առումով փոխկապակցված` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 402-րդ հոդվածի դրույթները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանն այնքանով, որքանով հոդվածի 2-րդ մասի «ուղարկվում է» եզրույթը երաշխավորում է այդ ժամկետում դատարանի ամբողջական ակտի տրամադրումը (հասանելիությունը) օրենքով նախատեսված սուբյեկտներին:

4. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

Նախագահող

Գ. Հարությունյան

 

16 հոկտեմբերի 2012 թ.

ՍԴՈ-1052