ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
(2001 թվականի սեպտեմբերի 25-ի ՀՕ-232)
«Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքում (ՀՕ-40-Ն 26.12.2008 թ.) օրենքով 12-րդ հոդվածը լրացվում է 8-րդ կետով:
ü «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենք 12-րդ հոդվածը բաղկացած է 6 կետից, հետևաբար 6-րդ կետին հաջորդում է 8-րդ կետը:
(Հատված համապատասխան օրենքից`
«ՀՈԴՎԱԾ 12. ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԵՏԵՐԵՐԻ ՀԻՄՆԱԴԻՐ ԺՈՂՈՎԸ
1. Ընկերության բաժնետերերի հիմնադիր ժողովը (այսուհետ` հիմնադիր ժողով) գումարվում է բաժնետոմսերի տեղաբաշխումը և բաժնետոմսերի դիմաց բաժնետերերի կողմից վճարումները կատարելուց հետո` երեք ամսվա ընթացքում:
2. Հիմնադիր ժողովն իրավազոր է, եթե դրան մասնակցում են տեղաբաշխված բաժնետոմսերի սեփականատերերի ձայների, ինչպես նաև բաժնետերերի 3/4-ը:
3. Հիմնադիր ժողովը`
ա) հաստատում է բաժնետոմսերի տեղաբաշխման արդյունքները.
բ) ընդունում է որոշում Ընկերության հիմնադրման մասին.
գ) հաստատում է Ընկերության կանոնադրական կապիտալի (այսուհետ` կանոնադրական կապիտալ) չափը.
դ) հաստատում է Ընկերության կանոնադրությունը.
ե) ընտրում է Ընկերության խորհուրդ.
զ) ընտրում է Ընկերության վերստուգող հանձնաժողով (վերստուգող).
է) ձևավորում է գործադիր մարմին կամ նշանակում է գործադիր մարմնի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար.
ը) լսում է հիմնադիրների և (կամ) նրանց կողմից լիազորված անձի հաշվետվությունը: Սույն կետի «ա», «գ» և «ը» ենթակետերով սահմանված հարցերով որոշումներն ընդունվում են հիմնադիր ժողովի մասնակիցների ձայների 3/4-ով: Սույն կետի «բ» և «դ» ենթակետերով սահմանված հարցերով որոշումներն ընդունվում են հիմնադիր ժողովի մասնակիցների միաձայնությամբ: Մնացած հարցերով որոշումներն ընդունվում են ժողովի մասնակիցների ձայների պարզ մեծամասնությամբ: Հիմնադիր ժողովն իրավունք ունի քննարկել և որոշումներ ընդունել նաև այն հարցերի վերաբերյալ, որոնք Ընկերության կանոնադրությամբ վերապահված են ժողովի իրավասությանը:
4. Մեկ անձի կողմից Ընկերության հիմնադրման դեպքում հիմնադրի գրավոր որոշումը պետք է պարունակի դրույթներ` սույն հոդվածի 3-րդ կետի «ա-է» ենթակետերով սահմանված հարցերի վերաբերյալ:
5. Հայաստանի Հանրապետությանը պատկանող բաժնետոմսերով ընկերությունների հիմնադրման մասին Կառավարության որոշումը պետք է պարունակի դրույթներ Ընկերության հիմնադրման, ինչպես նաև հիմնադրի անունից հանդես եկող պետական կառավարման մարմնի (մարմինների) և նրանցից յուրաքանչյուրի կառավարմանը հանձնված բաժնետոմսերի փաթեթի մասին: Սույն հոդվածի 3-րդ կետով սահմանված մյուս լիազորությունները Կառավարության կողմից կարող են վերապահվել համապատասխան պետական կառավարման մարմնին (մարմիններին), ինչպես նաև, որպես պատվիրակված լիազորություն, համայնքի ղեկավարին, այսուհետ` լիազորված պետական մարմնին:
6. Համայնքին պատկանող բաժնետոմսերով Ընկերության հիմնադրման մասին համայնքի ղեկավարի որոշումը պետք է պարունակի դրույթներ` սույն հոդվածի 3-րդ կետի «ա-է» ենթակետերով սահմանված հարցերի վերաբերյալ:
8. Վերակազմակերպման (միաձուլում, բաժանում, առանձնացում, վերակազմավորում) արդյունքում ստեղծվող Ընկերության ժողովն իրավազոր է, եթե դրան մասնակցում են փոխարկման արդյունքում տեղաբաշխված բաժնետոմսերի սեփականատերերի ձայների 50-ից ավելի տոկոսին տիրապետող բաժնետերեր:
Վերակազմակերպման (միաձուլում, բաժանում, առանձնացում, վերակազմավորում) արդյունքում ստեղծված Ընկերության հիմնադիր ժողովում սույն հոդվածի 3-րդ կետի «բ» և «ը» ենթակետերով սահմանված որոշումները կարող են չընդունվել:
Սույն հոդվածի 3-րդ կետի «ա», «գ» և «դ» ենթակետերով սահմանված հարցերով որոշումներն ընդունվում են հիմնադիր ժողովի մասնակիցների ձայների 3/4-ով:»)